ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Իշխող ֆրակցիայում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել, ասենք` մոմի վաճառքից կամ ծեսերից ստացված հասույթը՝ մկրտություն, պսակադրություն եւ այլն, ինչպես նաեւ՝ հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման եւ  իրացման նկատմամբ։

Հիշեցնենք, որ եկեղեցին այսօր էլ հարկվում է իբրեւ կրոնական կազմակերպություն եւ խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ է վճարում։ Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում, օրինակ, ՀԱԵ հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր որակվում են բարեգործություն, ինչն արտոնություն է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։ ՔՊ-ում կարծում են, որ այդպիսի նախագիծ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել