Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նամակ-դիմում է հղել ամերիկյան համալսարանների ուսանողներին, որում բարձր է գնահատել Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու նրանց դիրքորոշումը: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

«Ես գրում եմ այս նամակը երիտասարդներին, որոնց արթնացած խիղճը նրանց ստիպել է տեր կանգնել Գազայի ճնշված կանանց և երեխաներին: Դուք ստեղծեցիք Դիմադրության ճակատի մասնաճյուղը և սկսեցիք պատվավոր պայքար՝ ի հեճուկս ձեր կառավարության անողոք ճնշման՝ մի կառավարության, որը բացահայտորեն աջակցում է զավթիչ և դաժան սիոնիստական ռեժիմին»,- ասված է Իրանի Գերագույն առաջնորդի գրասենյակի կայքում հրապարակված նամակում։

Խամենեին նաև գովել է ամերիկյան համալսարանների դասախոսների աջակցությունն ու համերաշխությունը։

«Ես նույնպես նրանցից եմ, ովքեր կարեկցում են ձեզ, երիտասարդնե՛ր, և գնահատում ձեր համառությունը», – հավելել է Այաթոլլան:

Նշենք, որ Միացյալ Նահանգների տասնյակ հեղինակավոր բուհերում մեկ ամսից ավելի շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը: Մասնակիցներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջում են դադարեցնել աջակցությունն Իսրայելին, որը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո շուրջ 8 ամիս ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում, ինչի հետևանքով սպանվել է, տեղական իշխանությունների տվյալներով, ավելի քան 36 հազար պաղեստինցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել