OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։
Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։
«Մեծ պատիվ է ազդարարել Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական գործարկման մասին։ Այս գերժամանակակից կառույցի գործարկումը կարևոր քայլ է մեր երկրի
տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ և ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում Հայաստանի դիրքերն ամրապնդելու մեր հանձնառությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր նվիրված թիմին, մեր գործընկերներին և Հայաստանի կառավարությանը աջակցության համար։ Կարող եմ ասել, որ մեր Տվյալների մշակման կենտրոնը կգործի որպես տնտեսական աճի կատալիզատոր՝ ներգրավելով արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաև կկենտրոնացնի տեղական տեխնոլոգիական ներուժը: Տվյալների մշակման կենտրոնի շնորհիվ ստեղծվել են և դեռ ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր, որտեղ աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր շարունակաբար անցնում են վերապատրաստումներ» - ասած OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Այս հավակնոտ նախագծի շրջանակում կառուցվել է ավելի քան 200 դարակաշար․ այն կլինի Հայաստանում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը, որը կապահովի տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռքբերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի
ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։
Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցված Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնի գործարկման արարողությունը տեղի ունեցավ ք․ Աբովյանում՝ Տվյալների մշակման կենտրոնի տարածքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել