Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը:
Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ, այսինքն՝ ընդհանուր համատեքստի մաս է: Վարչապետը պարզաբանել է, որ ժողովրդագրությունը, ըստ էության, բնորոշվում է, բառարանային ձևակերպմամբ, որպես գիտություն բնակչության կամ ազգաբնակչության մասին, առնչվում է կյանքի և ապրելու հայեցակարգի հետ: Ըստ վարչապետի, սա կապ ունի վերջին շրջանում առաջարկված քաղաքական քննարկման և բանավեճի հետ, որովհետև ժողովրդագրության ռազմավարության իրականացման արդյունավետությունը քննարկելիս կան բազմաթիվ կետեր, որոնց վերաբերյալ վերաբերմունքը շատ կոնկրետ է և դրական, բայց ամեն անգամ այդ կետերին հասնելիս վստահություն չկա, թե դրանք որքանով են իրատեսական իրագործել և ինչ արդյունքների կբերեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, թե կյանքի ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում և Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում: «Եթե Հայաստանի Հանրապետության մեր ընկալումն այն է, որ այնուամենայնիվ հայեցակարգային առումով ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է: Եթե Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի խնդիրն իր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելն է և այս հենքի վրա սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելը՝ դա բոլորովին ուրիշ հայեցակարգ է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ, վարչապետի համոզմամբ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել: Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ընդգծել է՝ սա չի նշանակում, որ պետք է վերանայել ռազմավարությունը, այլ անհրաժեշտ է այն դիտել այս լույսի ներքո:
Հաջորդիվ՝ ներկայացվել են նախորդ քննարկումների արդյունքում կատարված աշխատանքները. ժողովրդագրական կանխատեսումների մոդելի վերանայում՝ հաշվի առնելով մարդահամարի արդյունքները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ժողովրդագրական բնութագրի վերլուծություն և ներառում ռազմավարության մեջ, ռազմավարության ֆինանսական գնահատման հաշվարկի ամփոփում:
Անդրադառնալով ռազմավարական նպատակներին՝ ծնունդների աճ, մահերի նվազում, արտագաղթի նվազում և ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, նշվել է, որ վերանայված կանխատեսման մոդելը բազային սցենար է և ժողովրդագրական ռազմավարության գործողությունների ծրագիրը, մշտադիտարկման շրջանակը և ֆինանսական մոդելը կառուցված է հետևյալ երկու սցենարների վրա՝ արագացված սցենար և իներցիոն սցենար:
Մանրամասներ են ներկայացվել ժողովրդագրական ռազմավարության հիմնական ազդեցությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն կհանգեցնի բնակչության ծերացման աճի նվազմանը, բնակչության երիտասարդացման աճին, կնվազեցնի եկամուտ-սպառման տարբերությունը՝ ավագ սերնդին ներգրավելով սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, Հայաստանն էապես կխթանի իր մարդկային ներուժի զարգացման ինդեքսը՝ դրանով իսկ նվազեցնելով առաջատար երկրների հետ առկա տարբերությունը և այլն:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ռազմավարության տարբեր կետերի շուրջ:
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է պատրաստել քննարկումներն ամփոփող զեկույց, որի հիման վրա ռազմավարության նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը և կնախանշվեն հետագա քայլերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել