Armlur.am-ը գրում է.

Մեկ շաբաթ առաջ հենց այս օրը՝ մայիսի 4-ին, սկսվեց Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Այսօր շարժման 7-րդ օրն է, ArmLur.am-ը ներկայացնում է՝ ինչպես սկսվեց սահմանազատման և սահմանագծման դեմ շարժումը։

2024 թվականի մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշի մարզ, հանդիպեց տեղացիներին, գնաց Կիրանց, Ոսկեպար։ Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետևյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, և դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահման»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, երբ հայտարարվեց սահմանազատման և սահմանագծման գործողությունների սկիզբը՝ ապրիլի 20-21-ը, Կիրանցի հատվածում ինտենսիվ փակ պահեցին դեպի գյուղ տանող ճանապարհը։ Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները վաղ առավոտից հատուկ ռեժիմ էին սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա։ Կիրանց կարողանում էին մուտք գործել միայն տեղացիները, ընդ որում՝ նրանք ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։

Գյուղ մուտք գործել չհաջողվեց նաև հոգևոր առաջնորդներին։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որն այդ օրերին Կիրանցում մասնակցում և առաջնորդում էր հավաքները, չկարողացավ գյուղ մտնել։

Համարելով, որ Կիրանցում սակավ թվով հանրահավաքը արդյունք չի ունենա՝ Բագրատ Սբազանը հայտարարեց Կիրանցից քայլերթով մայրաքաղաք Երևան գալու մասին, իսկ մայիսի 4-ին մեկնակեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր առաջին․ մայիսի 4

«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մեկնարկն, ինչպես արդեն ասացինք, տրվեց Կիրանցից։ Առաջին կանգառը եղավ Հաղարծինի վանական համալիրում։ Առավոտյան երթը դեպի Սևան քաղաք մեկնարկեց աղոթքով։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր երկրորդ․ մայիսի 5

Շարժումը մեկնարկեց Սևան քաղաքից՝ Սևանավանք և թերակղզի տանող ճանապարհահատվածից։ Շարժման առաջին օրերին պահանջներ չդրվեց և նպատակակետը մայրաքաղաք հասնելու կարծես թե սահմանագծման և սահմանազատման դեմ պայքարն էր, սակայն այն լղոզված պահանջ էր դեռ։ Առաջին գիշերը անցավ բաց երկնքի տակ Սևան քաղաքում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր երրորդ․ մայիսի 6

Շարժմանը շարունակաբար միանում էին քաղաքական և մշակութային գործիչներ, նախկին և ներկա քաղաքական հայտնի դեմքեր միանում էին Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը՝ հայտնելով իրենց աջակցությունը։

Երկրորդ օրը քայլերթի ուղղին դեպի Հրազդան քաղաք էր։ Այս օրերին, հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն երթից, Բագրատ Սրբազանը սահմանեց՝ «սա չակնկալիքների շարժում է»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր չորրորդ․ մայիսի 7

Շարժումը բավականաչափ հնչեղություն էր ստացել, սակայն հարցին՝ արդյոք նպատակ կձևավորվի պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հրաժարականի վերաբերյալ, միևնույնն է, հնչում էին բացասական կամ  խուսափողական պատասխաններ։ Քայլերթը շարժվեց դեպի քաղաք Չարենցավան քաղաք։ Իշխանությունն ամբողջ լծակներն օգտագործելով՝ փորձեր էր անում անվանազրկել Բագրատ Սրբազանին, «ռուսի գործակալներ» անվանում բոլոր նրանց, ովքեր միանում, սատարում և նույնիսկ լուսաբանում էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր հինգերորդ․ մայիսի 8

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը Չարենցավանից հասավ Աբովյան քաղաք։ Երթի ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերն ուղեկցում էին մասնակիցներին, հորդորում ոչ մի ավելորդ քայլ չանել։ Աբովյանում Սրբազանի առաջնորդած քայլերթին միացան և դիմավորեցին մի խումբ քաղաքացիներ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Սրբազանի առաջնորդած քայլերթին ընդառաջ եկան նաև երիտասարդները՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր վեցերորդ․ մայիսի 9

Առավոտյան ժամը 11։00-ին մեկնարկեց Աբովյանից դեպի Երևան քայլերթը։ Մինչ Բագրատ Սրբազանի Երևան հասնելը խմբերով տարբեր կառույցներ սպասում, միանում և աջակցություն էին հայտնում։ Իշխանությունները թեպետ հակառակ թեզեր էին շրջանառում՝ հուսալով, որ շատերը չեն միանա Բագրատ Սրբազանի երթին, այնուամենայնիվ անասելի և անսպասելի մարդաշատ էր երթը։ Հանրապետության Հրապարակը մարդաշատ էր, բոլորը սպասում էին երթի ժամանմանը։ Հանրապետության Հրապարակ հասնելուն պես Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական ներկայացնելու համար։ Ժամը 20։00-ին Բագրատ սրբազանը ժամանակն ավելացրեց ևս 15 րոպեով։ Իշխանական թևը վախվորած, ինչպես իրենք են սիրում ասել՝ հոգեվարքի մեջ, սկսեցին նոր չելենջ։ Մեկ մարդու պես բոլոր ՔՊ-ականները տարածեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ վերտառությամբ «մեր պատասխանը Բագրատին՝ ՀՀ ընտրված վարչապետ»։

Նիկոլ Փաշինյանից այս ընթացքում ոչ մի ձայն չլսվեց։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում․ մայիսի 10

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը առավոտյան քայլերթը նորից սկսեց, սակայն այս անգամ ամբողջ մարաքաղաքով։ Քայլերթին միացան ուսանողները, սկսվեց համատարած դասադուլ։ Երեկոյան կրկին մարդաշատ հանրահավաք կազմակերպվեց Հանրապետության Հրապարակում։ Շաբաթ օրը հայտարարվեց հանգստի օր, սակայն քաղաքացիներն, ինքնաբուխ ակցիաներ իրականացնելով, մի քանի գլխավոր փողոցներ փակեցին։ Արդյունքում՝ ժամը 14։50-ի դրությամբ, ձերբակալված էր 48 քաղաքացի։

Այս ամբողջ ընթացքում քայլերթը սկսվեց, և շարունակվում էր իշխանական սադրողական կոչերով և բոլորին նառկոբառոններ և արտասահմանյան գործակալներ անվանելով։ Սպասենք շարժման հետագա զարգացումներին, քանի որ վաղը 18։30 տեղի է ունենալու հանրահավաք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել