Առջևում սպասվող ներքաղաքական իրադարձությունների շեմին, թերևս տեղին է փորձ կատարել ուսումնասիրելու քաղաքական էլիտայի վարքագիծը՝ արդի դասական քաղաքագիտական տրամաբանության ներքո, քանի որ կարծես թե պետք է որոշակի տրամաբանություն լիներ իշխող վերնախավի` իր դիրքերն ու իշխանությունը պահպանելու մտահոգությունների և անհանգստությունների մեջ։
Անհանգստության առաջին աղբյուրը ակնհայտորեն իրենց վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին գործոններն ու ուժերն են, հատկապես ռազմական աշխարհաքաղաքականությունը։ Ներկայում աշխարհում բազմաթիվ հակամարտություններ ու աշխարհաքաղաքական հակասություններ կան, որոնք անմիջականորեն կարող են ուղղակի կամ անուղղակի վտանգ ներկայացնել ինչպես մեր պետության, այնպես էլ՝ իշխող վերնախավի համար։ Ակնհայտորեն այսօրվա քաղաքական էլիտան հստակ գիտակցում է, որ ինքն ունակ չէ հասկանալու կամ գնահատելու մեր և մերձավոր տարածաշրջանային առկա և հնարավոր զինված հակամարտությունների կամ ուժերի հարաբերակցությունների փոփոխության պայմաններում իրենց իշխանությունը պահպանելու ռիսկերն ու հնարավորությունը:
Երկրորդ մտահոգության աղբյուրը ժողովուրդն է, որն արդյունավետ առաջնորդության պարագայում ունակ է ապստամբել։ Ժողովուրդը թեև խորն ապատիայի և անտարբերության մեջ է, սակայն, այնուամենայնիվ, ունի զանգվածային անհնազանդության ակցիաների ներուժ, որը կարող է լուրջ վտանգ ներկայացնել իշխող ռեժիմի համար։ Իշխող վերնախավը վախենում է վերահսկողությունը կորցնելուց՝ չնայած վճռական է տրամադրված ժողովրդական հնարավոր անկարգություններն ու անհնազանդությունը զսպելու հասանելի բոլոր մեթոդները կիրառելու գործում։
Մտահոգության երրորդ աղբյուրը օլիգարխիկ միջավայրում ազդեցությունների և շահերի համար ներքին մրցակցության առկայությունն է։ Օլիգարխների շրջանում ազդեցության, ռեսուրսների և դիրքերի համար պայքարը կարող է ստեղծել ներքին ապակայունացում և իշխող վերնախավի ներսում ինտրիգների, դավադրությունների և հնարավոր դավաճանությունների ի հայտ գալուն, որոնք կարող են սպառնալ ռեժիմի կայունությանը:
Այնուամենայնիվ, բացի մտահոգությունների ու վախի՝ վերոհիշյալ երեք աղբյուրներից, կա նաև վերնախավի ավանդական վախը՝ տապալում ներքին հեղափոխությամբ։ Այս վախի առկայությունը վկայում է այսօրվա էլիտայի իշխանության օրինականության և լեգիտիմության պակասի մասին։
Ամեն դեպքում, իշխող վերնախավի մտահոգություններն ու վախերը տեղին են, քանի որ ամենայն հավանականությամբ շատ մոտ ապագայում սպասվում են զանգվածային անհնազանդության ակցիաներ և փողոցային պայքարի՝ ինչպես հախուռն, այնպես էլ կազմակերպված շարժումներ, որոնց նպատակը փողացային պայքարով իշխանափոխության իրագործումն է։
Եվ, կարևոր է հիշեցնել այսօրվա քաղաքական էլիտային, որ այս սցենարով 2018-ին հաջողությամբ իրականացված իշխանափոխությունն արդեն իսկ «քաղաքակիրթ» աշխարհի և «քաղաքացիական հասարակության» կողմից ընդունվել և ճանաչվել է որպես լեգիտիմ ուղի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.ananyan.9/posts/pfbid02gzR1z5jutU21MPEzgjGqNFodYYCwUX7zUPAn2mR2dzAL72Utd2z1KBEEp8esMKeyl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել