Հայաստանի իշխանությունները ճիշտ է արել, որ դատապարտել է Ներքին Հանդում մեր կողմից կրակոցներ իրականացնողներին, որովհետեւ մենք իրավունք չունենք այսօր պահպանվող փխրուն հրադադարի ռեժիմը որեւէ ձեւ խախտելուն նպաստող ցանկացած գործողություն իրականացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մեզ պետք է, որ կարողանանք իրացնենք մեր առջեւ դրված խնդիրները, այսինքն դասեր քաղելով պատերազմի մեր անհաջողություններից, վերականգնենք մեր կորցրածը, նրա կառավարելիությունը եւ մեր սահմանները դարձնենք շատ ավելի պաշտպանված»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի, երբ «Ներքին Խնձորեսկի» հատվածում հայ հովիվը եւ մեր զինծառայողները որոշել են գնալ եւ հետ բերել Ադրբեջանի տարածքում հայտնված հոտը, դրանից է ծագել միջադեպը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այո, այնտեղ խնդիրներ եղել են, բայց այդ հայտարարությունը առաջին հերթին կանխում է հնարավոր ավելի ոչ բարենպաստ զարգացումները: Եղել են կրակոցներ, բայց միջադեպը այս պահի դրությամբ հարթված է, կրակոցները չեն վերածվել գործողությունների»:
Դիտարկմանը, որ վերջին շրջանում հայկական կողմը սկսել է իր վրա վերցնել միջադեպերի մեղքը, Քոչարյանն ասաց. «վերջին հաշվով եւ մենք, եւ հակառակ կողմը գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Երբ արձանագրում ենք, որ եղել է խախտում, որի մեջ մենք էլ ունեցել ենք մեր մասնաբաժինը, ընդունում ենք դա, դրանով կանխում ենք հետագա զարգացումները: Ինձ համար կարեւոր է կանխման փաստի արձանագրումը, քան այն, թե ինչպե՞ս կդիտվի մեր հասարակության կողմից նման հայտարարությունը: Հիմա ամեն տեղ չի, որ ԵՄ դիտորդները կանգնած են:
Եթե մենք չտայինք ճիշտ գնահատական, Ադրբեջանը կասեր՝ սադրանք է եղել, հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետո հետեւից գան զորքերը եւ դա կանխելու համար մենք սկսում ենք գործողություններ: Գլխավորը հիմա չկրակելու ռեժիմը պահելն է, մինչեւ որ մնացած բոլոր հարցերը ունենան իրենց հստակ պատասխանները»:
Անդրադառնալով նրան, որ ԵՄ դիտորդները Ոսկեպար գնացել են Ալավերդու ճանապարհով, ոչ թե Իջեւանից, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նրանք շարժվում են իրենց ձեռքի տակ եղած աշխատանքային քարտեզներով եւ չեն ուզում, որ իրենց գործողություններով լարվածություն առաջացնեն ադրբեջանական կողմի մոտ, որը կխոչընդոտի իրենց աշխատանքին»:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/817482.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել