ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին Հայաստան այցելության համար եւ նշել, որ նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն:
Անն-Լորանս Պետելը բարձր է գնահատել Հայաստանի հետ հաստատված միջխորհրդարանական հարաբերությունները եւ ընդգծել, որ մեծաքանակ բարեկամական խմբի կազմում ներկայացված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության վերաբերյալ կոնսենսուս:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` կողմերն ընդգծել են հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
«Հայաստանը խորապես կարեւորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- նշել է ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հեռանկարները միջխորհրդարանական, ինչպես նաեւ անվտանգային, տնտեսական եւ այլ ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել