Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութաին և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կցելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլային հասցեգրված ծավալուն նամակի բավանդակությունը: 

«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը։ 

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ավերվել են հայկական մշակութային և կրոնական ժառանգության խորհրդանշական օբյեկտները, այդ թվում՝ եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ, արձաններ՝ օտարվել, իսկ հայկական արձանագրությունները՝ ջնջվել են հայկական եկեղեցիների և տապանաքարերի պատերից»,- նշված է նամակում:

Պատգամավորներն ընդգծել են, որ թեև Ադրբեջանի կառավարությունը բարձրաձայնում է իր հանդուրժողականության և ժառանգությունը պահպանելու ցանկության մասին, սակայն իրականում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, յուրացումն ու օտարումը շարունակվում է մինչ օրս: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել որևէ իրավախախտում և որևէ պատասխանատվություն կրել այդ հանցագործություններից որևէ մեկի համար:

«Հատկանշական է, որ Ադրբեջանը բազմիցս անտեսել և շարունակում է անտեսել միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի իրավաբանորեն պարտադիր հրամանը, որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է դրույթ այն մասին, որ Ադրբեջանը պետք է կանխի և պատժի Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող վանդալիզմի գործողությունները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը, որն ամբողջությամբ հավանության է արժանացել համաեվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա շարժման կողմից:

Ավելին, Ադրբեջանը շարունակում է գիտակցաբար ժխտել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության գոյությունը։ Սա պետության կողմից հովանավորվող քաղաքականություն է, և Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թվականի փետրվարյան հայտարարությունը, այսպես կոչված, մասնագետների աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը ստեղծվել է իբր «ալբանական կրոնական տաճարներում հայերի կողմից գրված հորինված արձանագրությունները վերացնելու համար», դրա վառ օրինակն է»,- ասված է նամակում:

ԵԽ պատգամավորները հիշեցրել են, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանությունից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացմանը և փորձեց յուրացնել ու խեղաթյուրել միջնադարյան հայկական ամենահայտնի վանքերից մեկի՝ Գանձասարի ինքնությունը:

«Էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և բնակություն հաստատել Հայաստանում: Նրանք այժմ հեռու են իրենց տներից, ավանդույթներից, ծեսերից և հասարակական կյանքից, այլ կերպ ասած ՝ նրանց ոչ նյութական ժառանգությունը կրկին ամբողջությամբ կորել է:

Այսպիսով, զարգացնելով Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը, միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը, Եվրոպա Նոստրայի բազմաթիվ հայտարարությունները և 2024 թվականի հունվարի 24-ին ԵԺԿ խմբի և հյուրընկալող կողմի ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի հովանու ներքո կայացած «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղում» թեմայով խորհրդաժողովը և հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծավալված մարդկային ողբերգությունը՝ կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպական մակարդակով ապահովելու, որ տարածաշրջանի հայկական հարուստ մշակութաին և կրոնական ժառանգությունը պաշտպանված լինի այդ թվում նաև՝

  • Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով միջազգային մոնիտորինգի, գնահատման և փաստահավաք առաքելությունների մուտքը տարածաշրջան,
  • Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները մուտք գործեն տարածաշրջան,
  • Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունք ապահովել միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը,
  • Պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ՝ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման համար,
  • Աջակցել Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության օբյեկտներից յուրաքանչյուրի վրա 24/7 տեսահսկման տեսախցիկների տեղադրմանը՝ այդ օբյեկտներն իրական ժամանակում աշխարհի ցանկացած կետից վերահսկելու համար՝ հետագա ոչնչացումը կանխելու նպատակով»,- հստակեցված է նամակի մեջ: 

Նամակը եզրափակվում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք, օգտվել իրենց մշակութային իրավունքներից և վերականգնել իրենց նյութական և ոչ նյութական ժառանգությունը: ԵԽ պատգամավորները շեշտում են, որ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ընդհանուր Եվրոպական ժառանգության հիմնարար մասն է, և իրենք ակնկալում են, որ Եվրոպական միությունն ակտիվորեն քայլեր կձեռնարկի այն պաշտպանելու համար: 

Նամակը ստորագրել են շուրջ 50 պատգամավորներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Իտալիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Հունաստանից, Լիտվայից, Հունգարիա, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովենիայից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել