Hraparak.am-ը գրում է.
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։ «Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը եւ ֆրանսիացի երաժիշտ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի եւ համաշխարհային երաժշտական ազդեցությունների միաձուլումն է իրականացնում: Բալկանյան մեղեդիներից մինչեւ մալոյայի, ջազի եւ ռեգգիի ռիթմեր, հայկական ավանդական մեղեդիներից մինչեւ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ռեյունիոն կղզու երաժշտություն։ «Լադանիվա» անունը ռուսական ավտոմեքենաների անվանումից է վերցված եւ խորհրդանշում է խմբի արկածախնդիր ոգին եւ նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների եւ ավանդույթների միջով: Ժակլինը եւ Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում եւ Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, եւ այդպես ծնվել է «Լադանիվա» անունը: Խումբը ստեղծվել է 2019 թվականին, միանգամից հայտնի է դարձել հիթային «Վայ աման» երգով, 2023 թվականին թողարկել է իր առաջին՝ «Լադանիվա» ալբոմը` PIAS ֆրանսիական լեյլբլի ներքո։
«Լադանիվա»-ի` Եվրատեսիլին ներկայացվելիք Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը հրապարակվել են օրեր առաջ։ «Եվրատեսիլ» երգի մրցույթը, հիշեցնենք, տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում, մայիսի 7-9-ը, եզրափակիչը` մայիսի 11-ին: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 9-ին:
Չնայած բազում դրական արձագանքներին՝ խմբի մասին հնչեցին նաեւ բացասական գնահատականներ, շատերն այս խումբն անվանեցին ռաբիզ, շատերը` հնդկական եւ այն աստիճան պարզունակ, որ համոզված են՝ «Լադանիվա» խումբը Եվրատեսիլ 2024-ի եզրափակիչ չի անցնի: Մենք զրուցել ենք երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:
- Հետաքրքիր է` ի՞նչ կարծիք ունեք «Լադանիվա» խմբի մասին: Արդեն մի քանի օր հայ ժողովուրդը, իր դարդնուցավը թողած, ատելության եւ չարախոսության մաստեր-կլասներ է ցուցադրում՝ խմբին ուղղված:
- Երկու երգ լսեցի այս խմբի կատարմամբ` «Շաքար» եւ «Ժակո»: «Շաքար» երգի մեջ կային լիքը հնդկական եւ հրեական երաժշտության տարրեր: Գործիքավորումը հրեական է, երգելաոճը՝ հնդկական: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա այն առիթ հանդիսացավ, որպեսզի ծանոթանամ խմբին: Բավականին գունեղ տեսահոլովակներ ունեն, ինչպես նաեւ՝ գունեղ երգեր: Լավ տրամադրությամբ, գինովցած ու ոչ պահանջկոտ մարդու համար լավ երաժշտություն է, այսպես ասեմ` անհոգ մարդու երգեր են, թերեւս մարդիկ հենց դա են փնտրում: Այսօր դրա կարիքը շատ կա, բայց ամեն դեպքում լավ կլիներ, որ հայի համար հնչեր հենց հայկական երաժշտություն։ Հայերեն երգելը դեռեւս չի նշանակում երգել հայկական երգ: Գործիքավորման մեջ գերիշխում է հրեականը, տեմպոռիթմը, երգերի ոճականության մեջ էլ հայկական ոչինչ չտեսա: Լեզուն էր միայն հայերեն: Շատ է պատահում, որ տաքսու վարորդներին հարց եմ տալիս` թուրքակա՞ն երգ եք լսում, ինձ պատասխանում են` չէ, հայկական է, այսինքն` կարծում են, որ եթե բառերը հայերեն են, ուրեմն երգն էլ հայկական է: Ամեն դեպքում, այս խմբին քննադատողներին ես առանձնապես լուրջ չեմ վերաբերվում, ինչն է շատ` հայ քննադատը, ընդ որում՝ պրոֆեսիոնալ, սիրողական, ուղղակի մելոման՝ բոլորն անխտիր քննադատում են, ու միշտ է այդպես եղել, անգամ, երբ լավ երգեր ու կատարումներ են ներկայացվել: Եվրատեսիլի մասին վերջին տարիներին ընդհանրապես չեմ խոսում, բայց, օրինակ, նախորդ տարվա` Բրյունետի կատարումը լավն էր, աղջիկը լավ էր երգում: Ինչ վերաբերում է «Լադանիվա» խմբին, ապա քննադատել պետք չէ, քանի որ արդեն ընտրվել են: Հայաստանը ներկայացնող ցանկացած արտիստի պետք է սատարել, կռիվը պետք է նախքան ընտրությունը լիներ, բայց ես, որքան հասկացա, ոչ մի ընտրություն էլ չի եղել: Եթե նման մրցույթի ընտրությունը փակ է, ապա արդեն ազնիվ չէ: «Ժակո» երգը համարում եմ համակովկասյան երգ, չտեսա ինչ-որ բան, հայկականություն չտեսա, որից կարողանայի բռնվել: Հեշտ, կրկնվող վանկեր են, ուրախ տրամադրություն, որտեղ չկա ոչ մի հայկականություն, գեղեցիկ տեղանքից ու լեզվից բացի…. Եվրատեսիլն արվեստ չէ, բայց մեր պահանջները շատ են: Զիլ երգեր ենք ունեցել, որոնք չեն գնահատվել, որովհետեւ այդ պահի պահանջներին չեն համապատասխանել։ Այս անգամ չզարմանաք, եթե հայերը հաղթեն:
- Շատ ենք լսում, որ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է, համաձա՞յն եք այս մտքի հետ:
- Այո, համաձայն եմ, քանի որ նման հսկայական երգի տոնն անցնում գնում է, եւ իրենից հետո թողնելով մեկ երգ կամ առհասարակ ոչ մի երգ, դա նշանակում է, որ այստեղ արվեստի մասին խոսք լինել չի կարող, այն քաղաքական մրցույթ է, եւ չզարմանաք, եթե այս տարի, հենց քաղաքական դասավորվածության բոլոր կանոններին հարիր՝ «Լադանիվա»-ն դառնա լավագույնը: Մենք, ըստ ներկայիս մարտահրավերների, ավաղ, «պետք է նայենք դեպի Արեւմուտք, դեպի Եվրոպա», ու չի բացառվում, որ այս տարի հաղթող ճանաչվենք: Նույն պատմությունը եղել է Ուկրաինայում: Երգչուհին, ով կիսով չափ հայ էր, կիսով չափ՝ ադրբեջանցի, լավ կատարում ունեցավ, հաղթեց, քիչ մնայուն երգերից էր, ու, այնուամենայնիվ, այդ հաղթանակը քաղաքական էր: Ամենաարվեստաշատ կատարումը Եվրատեսիլում եղել է տարիներ առաջ․ Պորտուգալիայի մասնակցի` Սալվադոր Սոբրալի մասին է խոսքը:
- Հայերն ինչո՞ւ են այդ մրցույթն այդքան կարեւորում: Քաղաքական գործիչներից սկսած` Եվրատեսիլ են քննադատում:
- Հա՞, չգիտեմ, ես երբեք չեմ կարեւորել, բայց միշտ, որպես հայ մարդ, եղել եմ հայ երգիչների կողքին: Երբեք կողմ չեմ եղել թուրքին եւ ազերուն ձայն տալուն, նույնիսկ եթե նրանց ստեղծագործությունը լինի լավը, թեեւ դրան հավատալն էլ դժվար է: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին լուրջ վերաբերվելուն, ապա տարիներ շարունակ բարձրաձայնել եմ սույն հարցը։ Հանրային հեռուստատեսությունն անդամակցում է EBU կազմակերպությանն ու ամենամյա անդամավճարով հնարավորություն է ձեռք բերում սույն կազմակերպության փաթեթի մեջ ներառված նախագծերը սփռել մեր եթերով, ինչի մեջ մտնում է նաեւ Եվրատեսիլը, այսինքն` եթե մենք ուզում ենք համաշխարհային ֆուտբոլի առաջնություններ նայել կամ Օսկար, Grammy, այդ փաթեթի մեջ նաեւ մտնում է Եվրատեսիլը: Եթե անգամ մասնակցություն չունենանք, միեւնույն է, փաթեթում կա ու վճարված է։ Քննադատելը շատ հեշտ է, հասկանալ է պետք: Ես չգիտեմ, ու մեծ հաշվով ինձ հետաքրքիր էլ չէ, թե հիմա Հ1-ում ինչ է կատարվում, սակայն գիտեմ, որ կա հնարավորություն որեւէ հայ արտիստի՝ ներկայանալ Եվրատեսիլի մրցույթին։ Ինձ մնում է հաջողություն մաղթել այս տարի Հայաստանը ներկայացնող արտիստներին՝ գալիք տարիներին իսկապես հայկական բարձրաճաշակ երգարվեստ ակնդրելու ակնկալիքով։