Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքի աղբահանությունը գիշերային ու ցերեկային ռեժիմով իրականացվել է 33-ական տեխնիկայով, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային երկու  պատահար, որից մեկի ժամանակ աղբահանություն իրականացնող մեր աշխատակիցը վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում  նախորդ շաբաթվա երկու և  նախկինում վրաերթի դեպքով 1 մեքենա այս պահին չեն շահագործվում, քանի դեռ առկա չէ ապահովագրական գործակալության և համապատասխան գերատեսչության թույլտվությունը։ Արդյունքում մեր երեք սարքին գտնվող մեքենաները այս պահին պարապուրդի են մատնված»,- ասաց Կատվալյանը։

Վերջինս նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում փողոցների աղբահանությունը իրականացվել է փոշեկուլ մեքենաներով։

«Ես ակնկալում եմ, որ  մեկ ամսվա ընթացքում մենք այլևս բացատրություններ չենք ունենա, այլ կունենանք իդեալական կատարված աղբահանություն։ Ես նաև պետք է խնդրեմ, որ նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանենք, որպեսզի հասկանանք՝ արդյոք համայնքային միջոցներով կառավարվող աղբահանությունը  ի սկզբանե ճիշտ որոշում է  եղել։

Այստեղ, կարծում եմ, որոշակի դեբադ կա, որովհետև այս ծախսերը անընդհատ տենդենց ունի աճելու ու միգուցե այս ծախսերի տրամաբանության մեջ ենք կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծառայությունները արտապատվիրակելու հարցը»,- արձագանքելով՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել