Armenpress.am-ը գրում է.

Հազարավոր մարդիկ Մադրիդի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներմանը և պահանջել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեպքի վայրից հայտնել է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։

Ցույցը կազմակերպել են մի շարք կազմակերպություններ և ասոցիացիաներ Մադրիդի քաղաքապետարանի հարևան հրապարակում։ Հանրահավաքին աջակցել են նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ։ Ցուցարարները, որոնցից շատերը կրել են իսպանական դրոշներ, Սանչեսի դեմ կարգախոսներ են վանկարկել։

Բողոքի ցույցը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Սանչեսը համաձայնել է փոփոխություններ մտցնել օրինագծում, ինչը պնդել են տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմնակիցները։ 

Հունվարի 30-ին Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) չի կարողացել հաստատել նախաձեռնության հետագա քննարկումը, քանի որ այն չի ստացել Պուչդեմոնի «Միասին Կատալոնիայի համար» կուսակցության աջակցությունը։ Քաղաքական ուժը հրաժարվել է կողմ քվեարկել օրինագծին, եթե նրանում չկատարվեն փոփոխություններ, որոնց շնորհիվ Կատալոնիայի նախկին առաջնորդը Իսպանիայում պատասխանատվության չի ենթարկվի։

Պուչդեմոնը գլխավորել է Կատալոնիայի  կառավարությունը Իսպանիայից Կատալոնիայի անջատման հարցով հանրաքվեի ժամանակ։ Հետագայում նա փախել է Բելգիա։ Այդ ժամանակից ի վեր Պիրենեյան թագավորության դատական իշխանությունները պահանջել  են նրա արտահանձնումը: Այժմ Պուչդեմոնը նաև Եվրախորհրդարանի անդամ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել