«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հինգշաբթի օրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքային իշխանությունները վերջին պահին առանց ընդդիմադիր ավագանու անդամների են հարցը բերել օրակարգ ու միանձնյա ընդունել այն։

«Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցը օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե ո՞րն էր հրատապությունն այս հարցի, չեմ կարող ասել:

«Հանրային ձայն»-ի ներկայացուցիչները դուրս եկան ու չմասնակցեցին հանձնաժողովի նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչներից միայն Պեդրո Զարուկյանն էր ներկա, իսկ մերոնցից հանձնաժողովի 3 անդամներն էլ ներկա էին:

Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես, թվեր հրապարակելով, նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու մենք էլ լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենց անցկացրին նախագիծը՝ առանց ընդդիմության»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Տրանսպորտի թանկացման նախագիծը ընդգրկված է լինելու ավագանու՝ մարտի 12-ի նիստի օրակարգում. կներկայացվի արդեն վերջնական քննարկման ու կընդունվի:

Ավագանու ընդդիմադիր թեւը հակված է բոյկոտել նիստը։

«Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի. բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը նույնն է, ինչ կողմ քվեարկելը»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել