Armenpress.am-ը գրում է.
Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքներն ապահովելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։
«Նշվածը վերաբերվում է երկու մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։
«Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023 թվականին ավարտվել են՝ նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով։
Բացի այդ, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի տասը տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։