Armlur.am-ը գրում է.
Երկար փնտրտուքներից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:
Հարցն այսօր քննարկվել է կուսակցության Վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։
ArmLur.am-ը դեռ վաղուց գրել էր, որ նախարարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն հենց Գեւորգ Պապոյանն է:
ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:
-Պարո՛ն Պապոյան, ավելի վաղ հայտարարել էիք, որ նախարար դառնալու հավակնություն չունեք եւ օրենսդիրում շատ անելիքներ դեռ ունեք: Ինչպե՞ս հիմա համաձայնեցիք ստանձնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
-Այո՛, ես ասել եմ, որ խորհրդարանում շատ անելիքներ ունեմ, բայց միեւնույն ժամանակ ասել եմ՝ եթե թիմը որոշի, որ պետք է պատասխանատվություն վերցնեմ ու նախարարի պաշտոնում ծառայեմ պետությանը, ապա ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը: Թիմը որոշել է, ես կանցնեմ այդ պարտականություններին:
-Ինչպե՞ս ընտրությունը հենց ձեր թեկնածության վրա կանգ առավ. այլ թեկնածուներ քննարկվե՞լ են:
-Թույլ տվեք այս հարցերի մասին չխոսեմ, բավարարվենք վարչության տարածած հաղորդագրությամբ:
-Պարո՛ն Պապոյան, նաեւ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ պատգամավորները չեն ցանկանում գործադիր տեղափոխվել, քանի որ ավելի հարմարավեգևտ են զգում իրենց խորհրդարանում: Այս մասին ի՞նչ կասեք, արդյո՞ք դուք եւս գործադիր տեղափոխվելու հետ կապված անհամաձայնություն ունեցել եք:
-Տարբեր են պատգամավորները: Կան պատգամավորներ, ովքեր իրենց ավելի լավ են զգում օրենսդիրում, կան պատգամավորներ, ովքեր նախընտրում են գործադիրի աշխատանքը: Ինձ համար այդպիսի նախընտրություն չկա, ընդամենը կա մեկ կարեւոր դրվագ՝ ես այս կամ այն պաշտոնում կարող եմ իմ հնարավորությունների առավելագույն չափով ծառայել պետությանն ու ժողովրդին, թե՞ ոչ: Ես այդպես եմ մոտենում այս կամ այն պաշտոնին:
Կարող եմ ասել, որ մեծ պատասխանատվությամբ եմ գնում այս աշխատանքին, գիտակցում եմ դժվարություններն ու ոլորտի առանձնահատկությունները: Հենց նաեւ դրա համար եմ գնում այս աշխատանքին, որ այս դժվարին իրավիճակում կարողանանք Հայաստանի տնտեսական աճը ապահովել: