Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:
Դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին:
Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը:
Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ:
Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.president.am/hy/press-release/item/2024/02/22/President-Vahagn-Khachaturyan-met-with-the-Ambassador-of-Japan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել