Hraparak.am-ը գրում է.

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող ֆիլմի աշխատանքները վաղուց մեկնարկել են եւ արդեն ավարտվում են։ Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ից և ավարտվելու են փետրվարի 15-ին՝ այսօր։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։

1 ժամ 55 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է ազգային կինոկենտրոնը։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։ 
Ֆիլմի գլխավոր հերոսուհին Նազիկն է, ով մարմավորում է հայ կնոջ կերպարը, որը կարող է լինել ուժեղ, կամային հատկություններով, միաժամանակ ունենալ ընտանիք՝ ամուսին ու երեխաներ:

Ֆիլմը, որ էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին, նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստին Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ: «Բոլորս հպարտ ենք, ուրախ ենք, որ ունենք Նազիկ Ավդալյան։ Մեր սպորտսմենի մասին ֆիլմ է նկարահանվում։ Այն նկարահանվում է Գյումրիում, դիմել են համայնքապետին՝ օգնության։

Ֆիլմի նկարահանմանը մասնակցում են 40 հոգի, խնդրել են  ընթրիքի ծախսը և քնելավարձը կատարվի համայնքի կողմից լինի։ Մենք կարողանանք գոնե այսպես օգնել մեր Նազիկի ֆիլմը լույս աշխարհ բերելուն»,-Գյումրու քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը:

Հավելենք, որ «Մեդալի հակառակ կողմը» կենսագրական ֆիլմի ռեժիսորը դերասան Աննա Հարությունյանն է, ով էլ մարմնավորում է Նազիկ Ավդալյանին: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի մասին ֆիլմում նկարահանվում են նաեւ Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը եւ Արուսիկ Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել