Pastinfo.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է՝ բնապահպաններն ահազանգում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարից տարածվող տհաճ հոտերի, թափուկավայրերի կանաչապատման հարցն անուշադրություն մատնելու մասին։
«Փաստինֆոն» համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Արծվանիկի բնակիչներից մեկի՝ Մանեի, հետ։ Կինը պատմեց, որ բնապահպանության տեսակետից երևի բնապահպանները կարող են ասել, թե ինչ է կատարվում պոչամբարի շուրջ, բայց, թերևս, լուրջ մասնագիտական ուսումնասիրությունների կարիք կա։
«Ամեն դեպքում՝ տեսանելի է, որ այնտեղ ոչ բնական լճակ կա, բայց թե ինչ քիմական նյութեր կան ու ինչ ազդեցություններ ունեն դրանք՝ ուսումնասիրություններ պետք է արվեն։ Շատերն են գալիս հարցնում, գնում, բայց վերջնական լուծում երբեք չի առաջարկվել։
Մեծերը պատմում են, որ այդ տարածքում ժամանակին եղել է փոքր լճակ, որը շրջապատված է եղել բերքատու ծառերով, կոմբինատը ամեն անգամ ժողովրդին փոխհատուցել է, որից հետո պոչամբարի ջուրը բարձրացել է, իսկ ժողովուրդը այգիները հետ է քաշել, արդյունքում լիճը բարձրացել է։ Հիմա այնքան է բարձրացել, որ արդեն այգիները չկան։ Միայն մեքենաներ են աշխատում, որոնք հողի վերին շերտը հանում են։ Հիմա այնտեղ ամայի տարածություն է։
Ինչ վերաբերում է հոտին, ապա հատկապես քամոտ օրերին քիմիական նյութերի հոտը տարածվում է ողջ համայնքում, այդ քամին նաև Կապան է տանում այդ նյութերը»,- նշել է բնակիչը։
Կնոջ փոխանցմամբ՝ առհասարակ մարզի էկոլոգիական վիճակն է բավական բարդ։ «Անգամ եղել է դեպք, երբ Սյունիքից ավելի քան 10 հոգով եկել ենք Երևան՝ դոնորական արյուն հանձնելու՝ մեզ ասել են, որ Սյունիքից շատերն են գալիս, որ ոչ մեկիս արյունը պիտանի չէ։ Այսինքն, մեզ մոտ հիվանդությունները շատ են, Կապան քաղաքում՝ եւս»։
Նա ընդգծեց, որ չնայած դրան՝ մարզում ոչ մեկը հիմա չի կարող պահանջել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը փակվի, տնտեսական տեսանկյունից դա երբեք չի արվելու, բայց որևէ լուծում էլ այս պահին չի առաջարկվում։
«Տարիներ առաջ նախատեսվում էր կոմբինատ կառուցել, որ պոչամբարի պարունակությունը կվերամշակվի, բայց դա թանկ հաճույք է ու այդ ուղղությամբ տեսանելի չէ, որ որևէ մեկը որևէ բան անի։
Լուծումն, իհարկե, կոմբինատը կլիներ, բայց թե երբ կստեղծվի՝ ոչ ոք չի ասել։ Կարծում եմ՝ պետությունը պիտի պահանջեր կոմբինատից ներդրումներ անել ու կառուցել թափոնները վերամշակող կամբինատ կամ էլ պետությունը պիտի միջոցներ հատկացներ դրա համար, սա, իհարկե, լուծում կլիներ, բայց այս պահին ակնհայտ է , որ ոչինչ չի արվում»։
Ինչ վերաբերում է պոչամբարի՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար պաշտպանիչ անտառաշերտ ստեղծելուն՝ կինը նշեց, որ ոչ միայն դա չի արվում, այլև Արծվանիկի վերևում ու շուրջը գտնվող անտառներ են վերացվում։
Հ.Գ. Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Արծվանիկում էկոլոգիական իրավիճակն այնքան լուրջ է, որ բնակիչների արյունն անգամ որոշ դեպքերում պիտանի չի համարվում դոնորության համար, իսկ ԶՄՊԿ-ն պատշաճ ներդրումներ չի անում՝ էկոլոգիական աղետը մեղմելու ուղղությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2024/02/02/fpt770onq/1708929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել