Վարչապետ Նիկոլ Փաշինյանն չնախատեսված է այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք:
Նախ վարչապետին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրով իրականացվող Վայքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Ծրագիրը գնահատվում է 433,7 մլն դրամ, որի 45 տոկոսը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է:
Արդեն իսկ իրականացել է 1975 գծ.մ երկարությամբ և 7 մ լայնության փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Իսրայել Օրի փողոցի աշխատանքներն ավարտվել են, իսկ Շահումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:
Հաջորդիվ վարչապետը եղել է Վայքի մշակույթի տանը, որտեղ գործում են տարբեր խմբակներ, սակայն շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են: Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հանձնարարել է մարզպետարանի հետ համագործակցությամբ մշակել մշակույթի տան հիմնանորոգման նախագիծ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ներկայացնել մշակույթի տան գործունեության զարգացման, առկա խմբակների ընդլայնման ծրագիր:
Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Վայք խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել նաև ոռոգման ջրատարի հիմնանորոգման ծրագիր, որը կիրականացվի Կառավարության ֆինանսավորմամբ:
Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրին, քիչ աշակերտներ ունեցող բնակավայրերից երեխաներին հարակից համայնքների դպրոցներ ներգրավելու հարցին: «Գյուղից կրթահամալիր բերող ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտային միջոցը տրամադրում ենք՝ երեխային պետության հաշվին տեղափոխում դպրոց, երեկոյան բերում տուն: Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է ու դպրոցն ավարտելուց հետո պետք է նա կարողանա կյանքում իր կարիքները հոգալ: Դրա համար պետք է նորմալ կրթություն ստանալ: Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում, տվյալ գյուղում երեխաների թիվը կշատանա՞ մեր ժողովրդագրության ռազմավարությամբ և այլ ծրագրերով, այնտեղ էլ դպրոց կկառուցենք: Հիմա Եղեգնաձորում է գործում բժշկական կենտրոն, կտեսնենք գերբեռնվա՞ծ է այն, Վայքում էլ կկառուցենք ԲԿ և այդպես շարունակ: Սա է ճիշտ ճանապարհը:
Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Եվ 300 դպրոցի ծրագիրն իրականացնելուց հետո գալու է հաջորդ 300-ի հերթը: Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է: Կրթահամալիրում պետք է լինեն պատշաճ պայմաններ, կոմպլեկտավորված դասարաններ, մարզական գույք, կրթական նյութեր, միջավայր, որովհետև կրթությունը միջավայր է: Կրթությունը միայն գրքի հետ առնչվելը չէ, կրթությունը նաև հանրության հետ առնչվելն է:
Որտեղ դպրոց ենք կառուցում, այնտեղ իրականացնում ենք ամբուլատորիայի և ճանապարհի ծրագիրը, որ ունենանք առողջապահություն, կրթություն, բացի դպրոցից պարտադիր ունենում ենք նաև նախակրթարան, ինչպես նաև բնակարաններ կառուցելու 16 մլն դրամի ծրագիրը, որպեսզի ժողովրդագրական կուլմինացիա ունենանք»,- ասել է վարչապետը և կարևորել նմանատիպ քննարկումները՝ տեսակետները լսելու, հետագա քաղաքականությունները ճշգրտելու առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2024/01/20/Nikol-Pashinyan-visiting-Vayq/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել