«Հանուն ժողովրդի...», «Ժողովուրդն ուզում է...», «Ժողովուրդը չի հանդուրժի...», «Ելնելով ժողովրդի շահերից...» և այլ տիպի ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի հնչեցվող հայտարարությունները դարձել են սովորական երևույթ: Սա հատկապես վերաբերում է ԵՄ-ՄՄ կողմնակիցների առճակատումների ժամանակ հնչած հռետորաբանությանը, և եթե ամեն մի նման հայտարարությունը լուրջ ընդունենք, ստացվում է, որ Հայաստանում առնվազն մի 15 տարբեր ժողովուրդներ կան:

Օրերս բարեկամս վերադարձել էր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից, որտեղ աշխատում է միջազգային մարդասիրական կազմակերպություններից մեկի առաքելություններում և մի հետաքրքիր դրվագ պատմեց ԿԱՀ-ի վերջին ներքաղաքական զարգացումներից:

Սրանից մի քանի շաբաթ առաջ այնտեղ հայտնվեց հերթական հեղափոխական առաջնորդը, ով հայտարարեց, որ ժամանակն է գահընկեց անելու կոռումպացված իշխանություններին, և բնականաբար՝ հայտարարվեց, որ դա արվում է հանուն ԿԱՀ-ի ժողովրդի բարեկեցության ու ժողովրդի շահերից ելնելով: Նոր ընդդիմադիր հեղափոխականը այս սուրբ առաքելության համար դիմեց Չադի ու Սուդանի իսլամիստ գրոհայինների օգնությանը, և երբ ռադիոյով հաղորդեցին, որ «հեղափոխականը» անցել է սահմանը Չադից ու Սուդանից իրեն միացած գրոհայինների ջոկատների հետ, առաջին բանը, որ պատահեց, ԿԱՀ-ի բանակի զինվորները զանգվածային դասալիքության դիմեցին, իսկ երկրորդ բանը, որ եղավ, գործող «նախագահը» հավաքեց երկրի գանձարանը ու փախավ արտասահման:

Նոր առաջնորդը եկավ ու առանց դիմադրության վերցրեց իշխանությունը, ու պարզվեց, որ գանձարանը դատարկ է, իսկ բյուջեն իրենից սև անցք է հիշեցնում: Խնդիրը նրանում էր, որ նոր «առաջնորդը» խոստացել էր չադեցի ու սուդանցի զինյալներին հարուստ վարձատրություն, սրանք էլ, տեսնելով, որ իրենց չեն կարող վարձատրել, որոշեցին իրենց հասանելիքն ինքնուրույն վերցնել: Արդյունքում սկսվեց աննախադեպ թալան. թալանում էին, ինչ հնարավոր է, ու ումից տեսնում էին՝ սկսված «Total»-ի գրասենյակներից, վերջացրած նախագահական նստավայրի կահույքով: Արդյունքում, մի շաբաթ հետո էլ թալանելու բան չէր մնացել, ու գրոհայինները գնացին իրենց երկրներ, իսկ երկիրը մնաց:

Նոր կառավարությունը հանդես եկավ նոր հայտարարությամբ, որում ասվում էր. «Հանուն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ժողովրդի և ժողովրդի հարատևման կոչ ենք անում օգնել իշխանություններին, ու ով կարող է, թող աթոռ, սեղան, գրենական պիտույքներ, ուտելիք և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրի, որպեսզի մենք կարողանանք կառուցել մեր ժողովրդի լուսավոր ապագան»...

Այս «առակը» կցուցանե, որ ժողովրդի անունից անընդհատ հանդես գալով` վերջում ժողովրդին է՛լ ավելի հարստահարեցին, իսկ դրանից հետո էլ էլի ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի պահանջեցին, որ ժողովուրդը իր վերջին ունեցածն էլ բերի, որ իրենք կարողանան «հանուն ժողովրդի» բարեկեցիկ կյանք կառուցեն:

Հիմա վերադառնանք մեր իրականությանն ու մեր խնդիրերին: 4 տարի առաջ դեկլարացվեց, որ էլի հանուն ժողովրդի ու ժողովրդի շահերի ընտրում ենք զարգացման եվրոպական ուղին, 4 տարի շարունակ անընդհատ բանակցում էին, գործուղումների էին մեկնում, վերադառնում, հայտարարում էին, որ մեծ առաջընթաց է գրանցվել... և այս ողջ ընթացքում ժողովրդին ոչ մի անգամ չասացին, թե ինչ են բանակցում, կոնկրետ ինչի շուրջ են բանակցում, ինչ կստանա ժողովուրդը, ինչ գնով: Դե իսկ ժողովրդի կարծիքը հարցնելու մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև այս ընթացքում ոչ մի լուրջ հարցում, ուր մնաց թե հանրաքվե չանցկացվեց, որպեսզի պարզեին, թե ինչ է, այնուամենայնիվ, ուզում ու կարծում ժողովուրդը, որպեսզի ըստ այդմ էլ «հանուն ժողովրդի ու ժողովրդի շահերի» իրենց հայեցակարգը կառուցեին:

Հիմա էլ նույն ՄՄ-ի պարագայում ենք ականատես լինում. հանուն «ժողովրդի ու ժողովրդական շահերի» 4 տարվա քաղաքական կուրսը կտրուկ շրջադարձ արեց, ու էլի ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում, բայց էլի ասվում է, որ սա մեր ժողովրդի միակ փրկությունն ու ուղին է: Բնականաբար, կրկին անգամ ոչ ոք չի պատրաստվում ոչ մի լուրջ հետազոտություն իրականացնել ու առավել ևս հանրաքվե, որպեսզի գոնե այս անգամ պարզեն, թե ինչ է կարծում ժողովուրդն իր շահերի ու «հանուն»-ների մասին:

Տպավորություն է, որ փակ շրջան է ստեղծվել, պարզապես միակ սփոփող հանգամանքը այն է, որ մենք Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը չենք, ու դեռ «Չադիերից ու Սուդաններից» ժողովրդի շահերն ապահովողների չեն բերում... բայց սա՝ ԴԵՌ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել