Hraparak.am-ը գրում է.

Մինչ առաջիկայում մարզպետարաններում համընդհանուր կրճատումներ են սպասվում, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը  աշխատանքային առաջին իսկ օրերին նոր նշանակումներ է արել․ իր օգնականին է ազատել պաշտոնից ՝ նորն է շնորհել․ Գնունի Աղաբեկյանը այլևս մարզպետի խորհրդականն է։


Ուշագրավ է, որ օգնականի պաշտոնը ևս թափուր չի մնացել,Մուրադյանն այս պաշտոնում նշանակել է Գյումրու թիվ 23 դպրոցի տնօրենին՝ Հակոբ Գևորգյանին։ Վերջինիս ազատել է տնօրենի պաշտոնից, տեղափոխել մարզպետարան, իսկ Գևորգյանի կնոջը՝ Անի Գևորգյանին նշանակել նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պատոնակատար, ինչն արդեն իսկ ենթադրում է, որ մրցույթ հայտարարվելու դեպքում տնօրենի պաշտոնում հենց նա էլ կմնա։

Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք մարզպետարաններում սպասվող կրճատումներին։ 2024 թ-ին մարզպետարաններին հատկացվելիք բյուջեն  6 մլրդ 344 մլն դրամ է, որը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է` կապված հաստիքների կրճատման հետ: Ինչ կրճատումների մասին է խոսքը, հատկապես որ հաստիքների, փորձեցինք պարզել մարզպետարաններից: Պարզվում է՝ նախագիծը, որ ուժի մեջ է  մտնել  հունվարի 3-ից , մարզպետարանների աշխատակիցների մոտ արդեն իսկ խուճապային տրամադրություն է ստեղծել:Հայեցողական պաշտոններից մինչև քաղաքացիական ծառայողական պաշտոններ վտանգված են:

Մարզպետարանների մեր աղբյուրների հավաստմամբ՝ յուրաքանչյուր աշխատակից այս պահին դողում է իր աշխատանքի համար․ «Այս որոշմամբ լուրջ հաստիքների կրճատում է նախատեսվում, մեր մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր մարզում շուրջ 10-15 մարզպետարանի աշխատակից կզրկվի աշխատանքից: Եւ ամենավատն այն է, որ թիրախում կրկին ցածր կամ միջին օղակն է, վարչությունների թիվը չի կրճատվելու, վարչության պետերը նույնպես, հնարավոր է՝ առանց կարևորությունը հաշվի առնելու, օրինակ աշխատանքից ազատեն ավագ կամ միջին մասնագետի, ում դերը կարևոր է, եւ ինչպես միշտ անձեռնմխելի լինեն  հայեցողական պաշտոնները, որոնց գիտենք՝ ինչ սկզբունքով են նշանակվում»,-ասաց մեր զրուցակիցը, ով իր աշխատանքի համար նույնպես խիստ անհանգստացած է:

Նշենք, որ այս պահին Շիրակի մարզպետարանում 132 աշխատակից է գրանցված, որտեղից մեզ փոխանցեցին, որ դեռևս հաստիքացուցակները վերանայելու անհրաժեշտություն չի առաջացել , կքննարկեն ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել