Երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պետք է տեղի ունենար թուրքական ֆուտբոլի գավաթի եզրափակիչը։ Սակայն հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ եզրափակչի մասնակից թուրքական երկու ակումբները՝ «Գալաթասարայ»-ը և «Ֆեներբահչե»-ն հրաժարվեցին դուրս գալ խաղադաշտ և վերադարձան Թուրքիա։
Հանդիպման չեղարկումը լարվածություն է մտցրել առանց այդ էլ լարված սաուդա-թուրքական հարաբերություններում։ Թուրքական կողմը պատճառաբանել է իր վարքը նրանով, որ սաուդական կողմը թույլ չի տվել, որպեսզի թիմերը խաղադաշտ դուրս գան Թուրքիայի հիմնադիր-նախագահ Աթաթյուրքի պատկերով շապիկներով, իսկ թուրք երկրպագուները՝ Աթաթյուրքի պաստառներով և նրան վերագրվող կարգախոսներով։ Թուրքական ակումբներն ու խաղացողները իրենց խորհրդանիշների դեմ սաուդական քայլը համարել են անթույլատրելի անարգանք, ինչի շնորհիվ Թուրքիայում երեկվանից վերածվել են իսկական հերոսների։
Լարվածությունը շարունակվելու է։
***

Ժամանակին Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացներում ևս առկա էին խորհրդանիշների համար մղվող յուրատեսակ պատերազմներ։
Ահա այդպիսի մի դրվագ 2008 թվականի «Ֆուտբոլային դիվանագիտությունից», որի մասին պատմում է իր գրքում Samvel Farmanyanը, իսկ գլխավոր, բայց չերևացող դերերում արտակարգ և լիազոր դեսպան Fadey Charchoghlyanն է.

««Երևանում ֆուտբոլային, զով եղանակ էր։ Գյուլի այցին ընդառաջ՝ հայկական կողմին առաջարկվել էր օդանավակայանում կազմակերպել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Մեր արարողակարգի ծառայությունն այն մերժել էր. այցը թեև բացառիկ էր, բայց աշխատանքային, որի պարագայում դիմավորման հանդիսավոր արարողություն չի նախատեսվում։ Իրականում մերժման բուն պատճառն այն էր, որ [Զվարթնոց] օդանավակայանում Թուրքիայի նախագահին պատվո պահակախմբով հանդիսավոր դիմավորումը գրգռիչ ու բացասական ազդեցություն կունենար հանրային կարծիքի վրա՝ նոր-նոր մեկնարկող ու անհայտ վերջաբանով գործընթացի արշալույսին, առավել ևս, որ այդ պարագայում հնչելու էին նաև երկու երկրների պետական օրհներգերը։ Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ պատվո պահակախմբի ղեկավարը մոտենում է հյուրընկալող երկրի ղեկավարին և զեկուցում, որ պահակախումբը շարված է՝ ի պատիվ նրա այցի՝ ձեռքին բռնած սուրը իջեցնելով ու հպելով այն գետնին։ Դա խորհրդանշում էր հետևյալը. մենք այնպիսի բարեկամներ ենք, որ մեր սուրը խոնարհում ենք ձեր առաջ։ Արարողակարգի այդ մեկնաբանությունը վստահաբար հայտնվելու էր մամուլում ու լրացուցիչ քննադատությունների տեղիք էր տալու։ Հետադարձ հայացքով նետելով դրվագին՝ հասկանում ես, թե ինչպես են ձևավորվում պետական ավանդույթները, որտեղ անկարևոր հանգամանք ու մանրուք չկա»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել