Ըստ Արմեն Մովսիսյանի, միջուկային չօգտագործված այդ հավաքվածքները Հայաստանի Ատոմակայանում պահելը առաջացնում է «որոշակի դժվարություններ»: Ըստ այդմ, պայմանագիր է կքնվել Ռուսաստանի «Տվել» ընկերության հետ՝ դրանք ՌԴ տեղափոխելու համար: Բայց դրա համար էլ անհրաժեշտ է, որ ՀԱԷԿ-ն ունենա արտահանման արտոնագիր: Կառավարությունն էլ տվել է այդ արտոնագիրը: Ի դեպ, միջուկային այդ հավաքվածքները ռուսական կողմին են հատկացվել շուկայականից էժան գնով՝ մեկ կիլոգրամը 5000 դոլարով:
Թե հատկապես քանի կիլոգրամի մասին է խոսքը, պարզ չէ: Լավ է գոնե, որ շուկայականից էժանով է տրամադրվում ռուսական կողմին, ոչ թե ձրի: Չէ որ կարող էր նաեւ այդպես լինել, ասենք որեւէ բանի դիմաց:
Բայց խնդիրը գինը չէ, այլ երեւույթն ինքնին: Այն բավական հետաքրքրական է: Փաստացի, միջուկային վառելիքի այդ չօգտագործված հավաքվածքները Հայաստանում պահվում են երկու տասնամյակից ավելի, ու հանկարծ առաջանում է դրանք պահելու «որոշակի դժվարություններ»: Ընդ որում հետաքրքրական է, որ այդ դժվարությունները «որոշակի» են, ոչ թե կոնկրետ: Սա առնվազն տարօրինակ է, երբ պետական կառավարման բարձրագույն մարմիններից մեկը՝ կառավարությունը, որոշում է կայացնում ոչ թե կոնկրետ, այլ «որոշակի» հիմքերից ելնելով:
Հարց է առաջանում՝ իսկ երբ առաջացան այդ «որոշակի դժվարությունները»: Ինչու մի քանի տասնյակ տարի պահվել են, իսկ հիմա հանկարծ հնարավոր չէ դրանք պահել Հայաստանի տարածքում: Իսկ ինչպե՞ս են պահվել մինչեւ հիմա:
Ընդհանրապես, հայկական ատոմակայանի շուրջ տեղի են ունենում բավական հետաքրքրական զարգացումներ: Դեռեւս 2011 թվականի հոկտեմբերին, երբ Երեւան էր այցելել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին աջակցել նոր ատոմակայանի շինարարության գործում եւ պատրաստ է այդ հարցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ գործուղել Հայաստան: Խումբը եկավ, թե ոչ, այդպես էլ պարզ չդարձավ: Ֆրանսիացի բարձրաստիճան մի դիվանագետ՝ Հայաստանի եւ Կովկասի հարցերով զբաղվող, մասնավոր մի զրույցի առիթով նշեց, որ Ֆրանսիան Հայաստանին ատոմակայանի շինարարության հարցում կարող է օգնել եւ օգնում է թափոնների կառավարման մասով, իսկ այլ մասով էական օգնություն երեւի թե դժվար է սպասել:
Հետո հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հանձնաժողովի շրջանակում ստորագրվեց ատոմակայանի գործունեությունը տասը տարով երկարաձգելու հարցում ամերիկյան աջակցության մասին հուշագիր, ինչը նշանակում էր, որ նոր ատոմակայանի հեռանկարներն են առնվազն տասը տարով հետաձգվում:
Սեպտեմբերի 3-ին էլ հայտարարվեց, որ Ռոսատոմն է օգնելու պահպանել ատոմակայանը մինչեւ 2026 թվական:
Եվ ահա առաջին քայլը՝ Հայաստանի ատոմակայանից հեռացվում են միջուկային չօգտագործված վառելիքի հավաքվածքները:
Մասնագետները կասեն իհարկե, թե Հայաստանի համար այդ հավաքվածքները անվտանգության սպառնալիք կարող էին լինել, թե անվտանգության երաշխիք՝ որ հնարավոր կլիներ անհրաժեշտության դեպքում դնել միջուկային տեխնոլոգիաների հիմքում: Իհարկե, այդ տեխնոլոգիաները դեռ պետք է ունենալ, բայց առկա վառելիքն, ինչպես ասում են, կարող էր գործի կեսը լինել:
Այդ առումով, անկասկած հետաքրքիր կլիներ մասնագիտական քննարկումների ծավալումը, հասկանալու համար՝ Ռուսաստանը տանելով հավաքվածքները, Հայաստանին զրկու՞մ է ինչ որ բանից, այսինքն ըստ էության զինաթափու՞մ է Հայաստանը՝ որին ադրբեջանական «Սմերչներից» հետո այլ բան չի մնում, քան գոնե մտածել միջուկային տեխնոլոգիաների մասին, թե՞ Հայաստանից հեռացնում է միջուկային այդ վառելիքի վտանգը, որ կառաջանար պահելու հարմար պայմաններ չունենալու դեպքում:
Եվ արդյոք Ֆրանսիան ու ԱՄՆ Հայաստանին հենց այդ վառելիքի պահպանման առաջարկներ չէին ներկայացնում, որոնք մեկընդմիշտ չեզոքացնում է Ռուսաստանը՝ վառելիքը տանելով իր մոտ:
Համենայնդեպս, կառավարության որոշման առաջացրած հարցերն իսկապես բազմաթիվ են, որոնց պատասխանները կարող են բավական էական նշանակություն ունենալ Հայաստանի անվտանգության ներկայիս մակարդակի վերաբերյալ հանրային պատկերացման համար:



