Azatutyun.am-ը գրում է․

Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։

Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:

«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը», - ասել է Միշելը։

Չնայած տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու արևմուտքի ջանքերին՝ փաստացի, Եվրամիության ու Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները վերջին մեկ ամսվա ընթացքում դադարել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկը մյուսի ետևից արդեն երեք հանդիպում է մերժել՝ տարբեր պատճառաբանություններով։

«Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ», - «Ազատության հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և «շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը»։

Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել