ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է ՄԱԿ-ի կանոնադրության՝ հազվադեպ կիրառվող 99-րդ հոդվածին և խնդրել, որ Անվտանգության խորհուրդը միջամտի՝ Գազայի հատվածում վերահաս «հումանիտար աղետը» կանխելու համար։

Իսրայելը Գուտերեշի այս հայտարարությունը համարել է կողմնակալ վերաբերմունք։ 

15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին իր նամակում Գուտերեշը գրել է․ «Միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի՝ օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ կանխելու հետագա էսկալացումը և վերջ դնելու այս ճգնաժամին»։

Անվտանգության խորհրդի անդամներից Արաբական Միացյալ Էմիրությունները որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է գործողությունների դիմել՝ համապատասխան Գուտերեշի նամակի, մասնավորապես՝ անմիջապես հումանիտար հրադադար հաստատել։ Սակայն ԱՄՆ-ն, որն Իսրայելի մտերիմ դաշնակիցն է, Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի և չի աջակցում հրադադարին։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը դիմել է 99-րդ հոդվածին, որպեսզի ճնշում գործադրի Իսրայելի վրա։ Էրդանը Գուտերեշին մեղադրել է Իսրայելի դեմ կողմնակալության համար։

«Հրադադար հաստատելու՝ գլխավոր քարտուղարի կոչն իրականում կոչ է՝ Գազայում պահելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը», - հայտարարել է Էրդանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել