1Lurer.am-ը գրում է․

2024 թվականի բյուջեի քննարկման փուլում անդրադարձել եմ մեր ռազմավարական անելիքներին և ասել եմ, որ մեր ռազմավարական անելիքն է ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունն ամրապնդելը, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով: Այդ մասին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցերին, թե ո՛րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի հետ կապված, ինչ կապեր կան Արցախի ղեկավարների հետ, և ինչ աշխատանքներ են կատարվում գերիների վերադարձի հետ կապված:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ասածի կապը տրված հարցի հետ ուղղակի է, և հիշեցրեց, որ ելույթներից մեկի ժամանակ ասել է՝ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որպեսզի Հայաստանում պետություն չկայանա: Նաև հիշեցրեց, որ հայտարարել է՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ-ի հարց չի եղել, և որ Լիսաբոնի փաստաթղթում կա նշում, ըստ որի՝ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

«Որպես ՀՀ վարչապետ (իմիջիայլոց, դրա մասին նախկինում էլ եմ ասել)՝ իմ խնդիրը ՀՀ ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, ՀՀ Սահմանադրությունը ինձ տալիս են պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա:

Ինչ վերաբերում է ձեր այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, այդ թեմային անդրադառնալու առիթ չեմ ունեցել, քանի որ ժամանակն էլ կարճ է, նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռու-թյուն»,- ասաց վարչապետը:  

Ինչ վերաբերում է գերիների հնարավոր վերադարձին, ապա այդ մասով, ըստ Փաշինյանի, արվում է ամենօրյա աշխատանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել