Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը զարգացնելու Կոլումբիայի հետ հարաբերությունները: Կարևորվել է հավատարմագրվող դեսպանների ակտիվ գործունեությունը։
Կոլումբիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում այդ թվում բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել