Շարունակվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մասնակիցներից 14-ի ինքնությունը։ Անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Շ.-ն և վերջինիս ուղևոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Արսեն Երևանսկի» մականվամբ Ա.Մ.-ն մի խումբ անձանց հետ, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, 2023թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, վիճաբանել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հայտնի Վ.Ա.-ի և նշված ավտոմեքենայի ուղևորներից մեկի հետ։ Դրա ընթացքում վիճաբանության մասնակիցները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել և հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին:
ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել է, որ ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք էր ներկայացվել Ա․Մ․-ին և միջադեպին մասնակից, վերջինիս կողմնակիցներից 11-ի նկատմամբ:
Քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է միջադեպին մասնակից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնված ևս երկու անձ, որոնցից մեկը Վ.Ա.-ն է, մյուսը՝ Մ.Շ.-ն: Հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցը:
Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ. Վ.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ «MY 2245» և «YT 3014» գրառմամբ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթին:
Մ.Շ.-ի և Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Մ.Շ.-ին և Վ.Ա.-ին ձերբակալելու որոշում, և վերջիններս վերցվել են արգելանքի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 396-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Մ.Շ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Քեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Ա.-ի մասով միջնորդությունը բավարարվել է և նա կալանավորվել է, իսկ Մ.Շ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է: