Ես ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ այս իշխանության աթոռին բազմելը երբեք ՀՀ  տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի եղել, դա անգամ քննարկման առարկա չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի շուրջ կա միջազգային կոնսոլիդացիա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ:

«Այսինքն այն հարցը, որ դա դարձել է անգամ ինչ-որ արծարծման խնդիր, դա այս իշխանությունների «ձեռքբերումն» է եւ դա մեր կորուստների, անիմաստ զոհաբերումների արդյունքն է, որն ընդհանրապես քայքայել է մեր ամբողջ անվտանգային համակարգը եւ Հայաստանի տարածքները դրել կենդանի սպառնալիքի տակ: Եվ այստեղ լինի արեւմտյան ընկալում, կամ ոչ արեւմտյան ընկալում, թեեւ ես վստահ եմ, որ «միջազգային հանրություն» ասելով այս իշխանությունը բացառապես նկատի ունի Արեւմուտքը, սակայն այդ խոստումները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն հասել իրենց նպատակներին»,-ասաց նա:

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, ցանկացած պետություն ինքն է իր տարածքային ամբողջականության երաշխավորը, ոչ թե ինչ-որ արեւմտյան ընկալումներ, ինչ-որ կոնսոլիդացիաներ կամ ինչ-որ միջազգային հանրություն:

«Միջազգային հանրությունը դատում է այնքանով, ինչքանով դու ինքդ քեզ պաշտպանում ես եւ ինքդ ես քո շահերն առաջ մղում եւ այդ շահերին հասնելու համար միջազգային իրավունքի նորմերից բխող քո բոլոր շահերն ու իրավունքները պաշտպանում՝ համապատասխան գործիքակազմերը օգտագործելով, ոչ թե դրանք տապալում ու զոհաբերում, խեղաթյուրում անգամ բանակցային փաթեթները եւ միջազգային պայմանագրերը, այդ թվում Ալմա Աթայի հռչակագիր կոչեցյալը, որը բացարձակապես չի ասում այն, ինչը փորձում են մատուցել եւ ներարկել մեր հանրության գլուխների մեջ:

Այս պարագայում միջազգային հանրություն կոչվածն ուղղակի նայում է, դիտարկում է եւ եթե դու պատրաստ ես քեզ, քո ժողովրդին, քո հայրենիքը զոհաբերել, ոտնատակ տալ այլ երկրների շահերը սպասարկելու համար, այդ միջազգային հանրությունը երբեք «ոչ» չի ասի»,- ընդգծեց դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել