Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե կոնկրետ երբ տեղի կունենա ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երևանում, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել է։

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ինչու է դա մեկ անձից գնումով իրականացվել, կամ եթե դրամաշնորհ է հայտարարում կառավարությունը, ինչու բաց մրցույթ չի հայտարարվում, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց. «Կոնկրետ այս դեպքում շատ կոնկրետ առանձնահատկություն կա: Կոնկրետ կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել արտիստի հետ, ջանք էր գործադրել, որից հետո դիմել էր կառավարությանը աջակցության խնդրանքով: Կառավարությունն էլ որոշել էր չմերժել»:

Լրագրողի հարցին` կենսակա՞ն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում, Խաչատրյանը պատասխանեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո»:

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգի  համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։

Ի դեպ, հարցին անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ասել էր, եթե  Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել