News.am-ը գրում է.

Տեւական ժամանակ ՀՀ Հանրային հեռուստաընկերությունից չեն արձագանքել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հարցազրույց անցկացնելու առաջարկին, այդ պատճառով նա հարցազրույց է տվել Արցախի Հանրային  հեռուստաընկերությանը: Այս մասին նա հայտարարել է Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով, թե ինչու հարցազրույց չտվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:

«Ճիշտն ասած իմ նպատակների մեջ է եղել առաջին հարցազրույցը տալ հենց Հանրային հեռուստաընկերությանը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում, ավելի կոնկրետ Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակերում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, եւ հենց այդ տաղավարից էլ ես ցանկանում էի հերքել եւ պարզաբանումներ տալ այդ տեղեկություններին: Նաեւ ես նման  կարգադրություն եմ տվել, որ պայմանավորվածություն ձեռք բերվի նման հարցազրույց անցկացելու համար, եւ տեւական ժամանակ անց, մենք չենք ստացել որեւիցե պատասխան եւ ես հրաժարվել եմ այդ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի տաղավարում անցկացնելու մտադրությունից.  եւ այդ պատճառով այսօր հարցազրույց անցկացնում ենք հենց Արցախի Հանրային Հեռուստաընկերության հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել