Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:
Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով:
Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:
Նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid02nQ5VaQPhU9wL3adMz1QVGkVwhDgHwhbKm4d5QpQrZducGsy2hehKHpgtVA
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել