News.am-ը գրում է.

Ցավոք, պետք է արձանագրեմ, որ ինչպես սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ, Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի պետականությունը եւ պետությունը այս պայմաններում պետըք է արձագանքի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բայց իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, ժողովրդից, որոնք իմ խորը համոզմամբ, պետք է սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, որքան էլ դա դժվար է: Պետք է կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն այդքան դժվար է ինձ համար, ԱԽ անդամների համար, երկրի ղեկավարության համար: Բայց մենք այս պահին որեւէ չհաշվարկված, որեւէ կտրուկ գործողություն, որեւէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ նաեւ տեղեկտվության որոշակի պակաս կա, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ ԼՂ-ում հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված եւ տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեր լրատվամիջոցները եւ մարմինները ըստ հնարավորի կապի մեջ են ԼՂ-ի հետ եւ նրանց հումանիտար բնույթի  աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն ըստ իրավիճակի»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց հանրությանը չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետեւել պաշտոնական լրահոսին. «Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որ ՀՀ ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի: Շատ կարեւոր է, որ ՀՀ-ում լիարժեք գործի իրավակարգը եւ պահպանվի կայունությունը, որովհետեւ բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի եւ կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որոնք գործում են եւ նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել