Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում, միջադեպի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները չորս երթուղիներով պարեկել են Բերձորի, Մարտակերտի (երկու երթուղի) և Մարտունու շրջաններում։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։