ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Վլախովսկու հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից: Վերջինիս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգման դեպքը՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում և ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ:
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերի, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումների, ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է, և դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ և գործուն քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետ օգտագործելու պատրաստամակությունը: