Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները էսօր այցելելու են Երասխ, քանի որ ադրբեջանական կողմը երեկ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Հիմա, ըստ էության, լավ է, որ երեկվա ադրբեջանական կողմի ագրեսիայի դեպքում նախ մեր ԱԳՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ, ապա ԱԳ նախարարը ԱԺ ամբիոնից հայտարարում միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Երասխ հրավիրելու, տեղում իրավիճակին ծանոթանալու մասին (երեկ հապճեպ այդ ուղղությամբ մեկնել է նաև ԵՄ մշտադիտարկման առաքելությունը), ծայրահեղ վատ է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սահմանների այս կամ այն ուղղությամբ կրակոցների, թշնամու ագրեսիայի դեպքում մեր ԱԳՆ-ն ու մյուս պատկան կառույցները նմանատիպ նախաձեռնողականություն չեն ցուցաբերում։
Իսկ մենք նմանատիպ իրավիճակ ունենք Սոթքում, Ջերմուկում, Տեղում, Ներքին Հանդում և բազմաթիվ այլ վայրերում, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, ժամանակ առ ժամանակ, ցավոք սրտի, զոհեր ենք ունենում։ Իսկ այդ ուղղություններում գտնվող բնակավայրերում, այնտեղի գործարաններում, ֆերմաներում, հանգստի գոտիներում, գյուղատնտեսական հողահանդակներում դիտարկումների, դրանից բխող արձագանքների կարիք կա՞, թե՞ ոչ։ Թե՞ Երասխի դեպքը առանձնահատուկ է, քանի որ այնտեղ ամերիկյան ներդրում է։ Հարցադրումս էմոցիոնալ չէ, այլ, ավելի շատ,սովորական դիտարկվող փաստ։
Պետք չէ ընտրողաբար աղմկել, պետք չէ լինել գործիք, որպեսզի դրսից ուղղություն կամ հրահանգ լինի, որ նոր կողմնորոշվես քո քայլերի հաջորդականության մասին։ Ուղղակի պետք է ցանկացած նմանատիպ իրավիճակ օգտագործել՝ մեր ռազմավարական, քաղաքական, տնտեսական շահերն առաջ տանելու համար։ Իսկ կամակատարի դեր կատարող երկրի ներկայիս իշխանություններն ուղղակի ամուլ են նմանատիպ հարցերում․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shirazkhach/posts/pfbid02oSBQ6Y1YEXaLxP8kdEDPyWFykPSwhnLS8arQHy3NHoTVKywRCm8u7uupEZD7gCWWl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել