«Ամերիկայի ձայն». Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն արձագանքել է, թե «տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ»: Վերլուծաբանի կարծիքով, բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը, հավանաբար, վկայում է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել կարևոր այս հարցերի առնչությամբ։ «Այժմ՝ շատ կարևոր է շարունակել բանակցությունները բոլոր կողմերի հետ: Հուսով ենք, Վաշինգտոնը կշարունակի այդ անել՝ իր եվրոպացի գործընկերների հետ»,- ընդգծել է Վարդանյանը: Իր հերթին, Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի Ռուսաստանի և Եվրոպայի գծով ծրագրերի տնօրենի պաշտոնակատար Հեդեր Էշբին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ևս կարևորել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ ներգրավվածությունը խնդրի կարգավորմանը: Իր գրավոր պատասխանում Էշբին ընդգծում է՝ «Մինսկի խմբի փլուզումից ու, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, խաղաղ բանակցությունների համար չափազանց կարևոր է, որ լինեն վստահելի և ակտիվ միջնորդներ, որոնք կարող են սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զգայուն հարցեր քննարկելու համար»:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում ուշադրությունը կենտրոնացած է լինելու երկու հիմնական ոլորտներին: Առաջինը՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ու Բաքվի կողմից ղարաբաղահայությանն անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը: Ըստ նրա՝ «Դա կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում վստահություն ստեղծելուն»: Մյուս ոլորտը, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի շուրջ քննարկումներն են: «Ռուսաստանը և Իրանը երկուսն էլ շահեր ունեն այս միջանցքի հարցում և կփորձեն ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի համոզվեն, որ տրանսպորտային երթուղին չի հակասում նրանց շահերին տարածաշրջանում: Ռուսաստանի համար տրանսպորտային այս միջանցքն ավելի կարևոր է»,- պնդում է նա: Վերլուծաբանի կարծիքով` բանակցությունները կարելի է համարել հաջողված, եթե կողմերը համաձայնության գան շարունակել հանդիպումները բարձր մակարդակում, ավելի լավ ընկալեն միմյանց դիրքորոշումները և բարդ հարցերի շուրջ արձանագրեն առաջընթաց քննարկումների ընթացքում: Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն «միջանցք» եզրի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել: