Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Նա հայատարարեց, որ իրենց և վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ իրենք այլևս չեն իրականացնելու Գայանեի պաշտպանությունը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։
Դատարանը որոշել է հանրային պաշտպաններ ներգրավել։
Արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները հրաժարվում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
Հովսեփ Սարգսյանն այս հարցի առնչությամբ որևէ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ Գայանեն պետք է պատասխանի, թե ինչու է նման որոշում կայացրել, բայց մեկ կարճ արձագանք արեց. «Մեր և Գայանեի դիրքորոշումների միջև հակասություն կա»:
Փաստաբանները ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, թե Գայանե Հակոբյանն ընդունել է մեղադրանքը:
Նշենք, որ այսօր Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» նիստը դռնփակ է ընթացել:
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը նորից կալանավորվել է 1 ամիս 15 օր ժամկետով։
Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։