Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը կարող է հազարավոր մարդկանց համար ծանր և երկարաժամկետ հետևանքներ ունենալ:

Նման կանխատեսում է արել ՄԱԿ-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթեցվել է Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը։ 80 բնակավայր կարող է անցնել ջրի տակ։

ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում աղետի մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին:

BBC-ն արբանյակային լուսանկարներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս հեղեղման ծավալները:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտորյա Լիտվինովան ավելի վաղ հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու՝ 17 հազար հոգու՝ Դնեպր գետի արևմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, ինչպես նաև 25 հազար հոգու՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող արևելյան հատվածներից:

Կախովկայի ջրամբարը ջուր է ապահովում ֆերմերների և բնակիչների, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ատոմայականի անվտանգությանը վտանգ չի սպառնում:

Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունը հայտնել է, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքը կհասնի իր գագաթնակետին, իսկ դրանից 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի:

Ռուսական և ուկրաինական կողմերը Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման մեջ մեղադրում են մեկը մյուսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել