
Այսօրվա իրավիճակում բանակցությունները ձգվող գործընթաց է և այն շարունակվելու է այնքան, որքան հնարավոր լինի այն ձգձգել և մաքսիմալ ձեռքբերումներ ունենալ:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանն՝ անդրադառնալով Քիշևնում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը:
Նրա կարծիքով՝ առայժ բանակցություններում բեկում չի սպասվում՝ թեև առաջիկայում էլ հանդիպումներ են սպասվում թե՛ Հայաստան-Ադրբեջան ղեկավարների, թե՛ արտգործնախարարների, թե՛ փոխվարչապետերի մակարդակով:
«Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահի համոզմամբ՝ առաջիկայում արագ կերպով փաստաթուղթ չի ստորագրվի դելիմիտացայի կամ այլ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ:
Խաչատրյանը բանակցությունների ընթացքում որպես հուշագրավ հայտարարություն մատնանշեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը:
«Շատ հեռահար էր օրեր առաջ Մոսկվայում Պուտինի հայտարարությունն, ըստ որի՝ այդ ուղղությամբ ընթանում են զարգացումներ: Դա ամենաճշգրիտ բնորոշումն էր, որը նա տվեց բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այո, ինչ որ պրոցեսներ ընթանում են, բայց, թե երբ դրանք կնյութականացվեն, շատ բարդ հարց է», - նկատեց քաղաքական գործիչը:
Նա նշեց, որ այն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, թույլ չեն տալիս ասելու, թե հնարավոր է տարաշրջանում ամենահին հիմնախնդիրը լուծում ստանա:
Վարդան Խաչատարյանի համար նույնիսկ անհասկանալի է, թե ինչու են բանակցությունների ընթացքը փորձում արագացնել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բանակցային որոշ փակագծեր է բացել: Փաշինյանի խոսքով՝ կարևոր դետալ է այն, որ կարծես թե կողմերն ընդգծել են, թե դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։
Վարդան Խաչատրյանն ասաց, որ միշտ են խոսակցություններ եղել, որ հայ- ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է կատարվի 1970-ական թվականների քարտեզներով: Նա հիշեցրեց, որ 70-ականնների քարտեզների վերադիտարկումը համեմատաբար ավելի վաղ քարտեզներով՝ Խորհրդային միության, այդ ժամանակ խնդիրներ առաջացան, քանի որ Հայաստանից ինչ-որ հատվածներ դուրս էին բերված և հարևան Ադրբեջանին էին միացված
«Այդ ժամանակ մեկնաբանվեցին, որ այդպիսի բան չի կարելի, ինչ- որ տարածքային փոփոխություններ եղան հօգուտ Հայաստանի: Այնտեղ, իբրև, Ադբեջանի կողմից հոտերի արածեցման խնդիր է եղել, նման վիճակահարույց կետեր նկային: Ադրբեջանը դիմել էր Մոսկվային, որ Արծվաշենի հարակից տարածքներում ոչխարների արոտի հարցը լուծվի, հետո էլ հայտարարեց, թե դրանք իր տարածքներն են: Դեռ այդ ժամանակներից հիշում եմ, որ այդ խնդիրը շատ ջուր տանող է: Հիմա չեմ պատկերացնում, թե 70-ականների քարտեզներով հնարավոր է դելիմիտացիա անել, որ բոլոր կողմերը բավարարված լինեն, դժվար է»,- հավելեց նա:
Փաշինյանը Մոլդովիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև անկլավների խնդրից, մասնավորապես հայտարարել, որ պետք չէ գերագնահատել Տիգրանաշենի հարցը:
«Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահն էլ, իր հերթին անդրադառնալով անկլավների հարցին, պնդեց՝ 20-ականների թվականների քարտեզներով Արծվաշենը հայկական տարածք է եղել:
«Հիմա ինչ եղել՝ 70-ականների թվականների քարտեզներով Արծվաշենը չի եղե՞լ Հայաստանի տարածք, ինչի՞ մասին է խոսքը: Գոյություն չունի տարածքներ, որտեղ մենք մշակութային արժեքներ չունենանք: Եթե հաշվի ենք առնում, որ դա թողնում ենք իրենց, իսկ իրենք կեղծում են մեր մշակութային կոթողները: Արծվաշենը սոսկ գյուղ չէ, այդտեղ մշակութային կոթողներ կան»,- շեշտեց նա:
Բոլոր դեպքերում Վարդան Խաչատրյանը մեկ անհանգստություն ունի՝ այնպես չստացվի, որ աշխարհի շահերը բախվեն մեր երկրի շահերին:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Ի դեպ, հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։