Մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ, որը ղեկավարում էր Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Երկուստեք ընգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ բարեկամական խմբի առաջին այս այցը կարող է նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացմանը: Զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։
Վերահաստատելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց գրանցելու հարցում խիստ կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ պարունակող ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid025QGpBCzKmT2Xxdjz7TLXpfBMZGxxvcSBKZJKvRfz47WmX1VAqAgVavDCKvQqv1MLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել