ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որ իր մասնակցությունն էր բերել Սյամյի հանրահավաքին՝ լսելու ու փոխանցելու վերջինիս պահանջն արցախյան իշխանություններին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ է արել հրաժարական ներկայացնել կամ անցկացնել վստահության հանրաքվե: «Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»,-հայտարարել է ԱՀ ԱԺ նախագահը՝ միաժամանակ հայտարարելով, որ ինքը Հարությունյանին առաջարկել է պաշտպանության պետական կոմիտեում ընդգրկել երկու հոգու՝ Ռուբեն Վարդանյանին ու Սյամոյին: Միաժամանակ Թովմասյանը հարցականի տակ է դրել այն հարցը, թե արդյոք Վարդանյանն ու Սյամոն կհամաձայվե՞ն մաս լինել այդ մարնի, թե՞ ոչ:

Անկասկած է, որ Թովմասյանի այսօրինակ հայտարարությունը բնավ ինքնաբուխ չէ և հետևանքն է անդրկուլիսյան պրոցեսների: Ըստ երևույթին, այստեղ կա նաև Սյամոյի ազդեցության գործոնը, ինչը նշանակում է, որ չնայածՍյամոն Արցախի հանրության կողմից աջակցություն չի վայելում, այց շատ հնարավոր է, որ աջակիցներ ունի հենց Արայիկ Հարությունյանի թիմի ներսում: Ավելին՝ նույնիսկ կա կարծիք, որ Սյամոյի ու Հարությունյանի միջև ինչ-ինչ գաղտնի համաձայնություններ կան, և այս խաղը նրանք խաղում են միասին:

Տարատեսակ ենթադրություններ անելու գայթակղությունը, իհարկե, մեծ է, բայց հեռուն գնացող հետևություններ անելու համար հարկավոր է նախ հասկանալ՝ ինչ պատասխան է տալու Հարությունյանը Թովմասյանին, քանի որ եթե իսկապես ԱՀ նախագահը գնա վստահության հանրաքվեի ճանապարհով, ապա մեծ է հավանականությունը, որ վերոհիշյալ տեղեկությունները՝ պայմանավորված խաղի մասին, իրական են:

Բայց մի՞թե Արցախում կան մարդիկ, որոնք իսկապես կարծում են, թե Սյամոն կարող է իրական ալտերնատիվ լինել գործող իշխանություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել