2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ՝ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին (https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02BmPMDamSEgUfjRcxW3k562pocJQsNjAQY2s8nSeGLh3URjB9q3rP5rfD72CDxsRml&id=100003208417334&eav=AfaSzThTny3zO6PPc7700WGXFQdXSmO2y747S6yzsyMB1u6FujvSsFw8KJGfTmbSF1Q&m_entstream_source=timeline&paipv=0)։ Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնը կարևորելն էր, ինչն էլ ապացուցում է այցի՝ պետականորեն ուղղորդված լինելու փաստը և հայկականը յուրացնելու/ ադրբեջանականացնելու հստակ ծրագիրը։
Ռոբերտ Մոբիլլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը։ Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ շուրֆը Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկն էր՝ ուր կավաշաղախ հատակի մեջ ագուցված էր գինու կարասը (Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազոտություններ. Արցախ եւ Ուտիք, Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա-Երևան 2009, 129-212)։
Մեր արձագանքը
«Աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ներկայացուցիչների այցելություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են աղվանա-ուդիական և այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման գործընթացի մասն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ, նրանք այցելել և ուդիական էին հռչակել Դադիվանքի վանական համալիրը, Հադրութի Սպիտակ Խաչ վանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիները, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մի շարք այլ եկեղեցիներ։
Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։
Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):
Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։ Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի կոնվենցիայի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները՝ անկախ դրանց ծագումից ու գործառույթից։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն հայտարարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, ինչն արգելվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթով (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթով (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf): «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ նույնպես արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայություններըս։