Թուրքիայի պաշտպանության նախարարը Մոսկվայի՞ն է սպառնում

Մինչ ԱՄՆ-ից հնչում են հուսադրող հայտարարւոթյուներ այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթի ստորագրումից պրակտիկորեն 5 րոպե է պակաս, Թուրքիան սաստկացնում է իր տոնը՝Հայաստանին ուղղելով սպառնալից մեսիջներ: Այդ երկրի պաշտպանության նախարար Աքարը, օրինակ, բաց տեքստով հայտարարել է՝ որքան ուշանում է համաձայնագրի ստորագրումը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ ընկնելու վտանգը: Ըստ Աքարի՝ երկու խնդիր կա, որ Անկարային և Երևանին խանգարել է նորմալ հարաբերություններ զարգացնել Հայաստանի անկախացումից ի վեր։ Դրանցից մեկը, ըստ նրա, առաջին Արցախյան պատերազմն էր, մյուսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետների բախումը:

Կասկած չկա, որ Հայաստանին Ցեղասպանության թեման փակելու պահանջ ներկայացնող Աքարի հայտարարությունը բնավ ինքնաբուխ չէ, և դրա խորքը հասկանալու համար պետք է նախ տեսնել, թե ինչ իրավիճակում ու ինչ պրոցեսների ֆոնին է հնչում այդ հայտարությունը:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն իր ձեռքն է վերցրել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պրոցեսը՝առաջ անցնելով Մոսկվայից. Արևմուտքը բացահայտ մարտահրավեր է նետել ՌԴ-ին, քանի որ վերջինս հույս ուներ, որ կկարողանա իրավիճակը վերահսկելի պահել, այնինչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստացի լուծարված է: Ամերիկայի խնդիրը ինչ-որ փաստաթղթի ստորագրումն է իր իսկ հովանավորությամբ, քանի որ նման կերպ հույս ունեն ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից: Արևմուտքն էլ, Թուրքիան էլ հասկանում են, որ պրոցեսին կարող է հակազդել Մոսկվան, և այս ամիս Մոսկվայում նախատեսված բանակցություններում կարող է տորպեդահարվել խաղաղութան ամերիկյան պլանը: Այսպիսով՝ Արևմուտքն Աքարի բերանով հասկացնում է Մոսկվային, որ եթե ամերիկյան պլանը ձախողեն, ապա Արևմուտքը կարող է Մոսկվայի դեմ նոր ճակատ բացել Հարավային Կովկասում. կա՛մ կլինի խաղաղություն՝ ամերիկյան բանաձևով, կա՛մ կլինի պատերազմ՝ ՌԴ-ի համար դրանից բխող հետևանքներով:

Իհարկե, առերևութաբար կարող է թվալ, թե Աքարի սպառնալիքներն ուղղված են Երևանի դեմ, բայց հաշվի առնելով, թե ովքեր են նստած Կառավարության շենքում, այդ տարբերակը կարելի է բացառել. Նիկոլը թուրքերից շատ է ուզում արևմտյան պլանով «խաղաղություն», քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր վարչապետի աթոռին սոսնձված մնալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել