Մեր տեղեկատվական դաշտի անբովանդակ աղմուկի մեջ շատերի ուշադրությունից վրիպում են գլոբալ, պատմական նշանակության իրադարձությունները, որոնց բավականին կարևոր մաս է կազմում Հայաստանը: Ուկրաինական պատերազմը, Արցախյան կարգավորումը, թուրքական ընտրությունները, ԱՄՆ-ում Ռուպերտ Մըրդոքի «սալտոները» և բազմաթիվ գործընթացներ իրականում շաղկապված են մեկ գերակայությամբ, որի անունն է Հարավչինական ծով:
Հարավչինական ծովը հանդիսանում է համաշխարհային առևտրի կարևորագույն հանգույց, որտեղով նավթի և պարենի մեծ մասն է անցնում ու դառնում: Աշխարհի առևտրի մեկ հինգերորդն անցնում է այդ հատվածով, սակայն այն առավել կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների առումով: Բանն այն է, որ հենց այս ծովի հատակով են անցնում աշխարհի մեծ մասին ինտերնետ հասցնող մալուխները, և պայքարն այդ մալուխների համար շատ բուռն ընթացքի մեջ է:
Քանի որ ԱՄՆ-ն ներկա պահին ու տեսանելի ապագայում ունենալու է բացարձակ գերակայություն բոլոր ծովերում, Չինաստանը փորձեց «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» ծրագրի օգնությամբ ցամաքային այլընտրանք ստեղծել ԵՄ-ի հետ սեփական առևտուրը կազմակերպելու համար: Այս ծրագիրը, սակայն, առնվազն տվյալ պահին, տապալված է, քանի որ Ուկրաինան անհաղթահարելի պատնեշ է դարձել:
Թեև Չինաստանը փորձում է դիվանագիտական ճնշումներով կանգնեցնել պատերազմը, հիմնական ռազմավարական ուշադրությունը այնուամենայնիվ արդեն կենտրոնացվել է Հարավչինական ծովի վրա, որտեղ Չինաստանը ներկա պահին շրջափակված է երեք կողմից՝ հարավում Սինգապուրն է, արևելքում` Ֆիլիպինները, իսկ հյուսիսում` Թայվանը: Վերջապես սուվերեն դառնալու համար Պեկինը պետք է ճեղքի այս «բլոկադան» ու բնական է` առաջին թիրախը Թայվանն է:
Ամենինչ բարդանում է նաև նրանով, որ, Չինաստանի ռազմավարական գործընկերոջ դերն իր վրա իբր թե վերցրած Մոսկվան, շարունակաբար արջի ծառայություններ է մատուցում իր գործընկերոջը: Երեք օրում Կիևը վերցնելու փոխարեն Մոսկվան տարուց ավել է տուն տունիկ է խաղում ՆԱՏՕ-ի հետ Ուկրաիանյում: Դրան զուգահեռ ռուսական ԱԳՆ-ն փառահեղ կերպով մսխում է Մոսկվայի դիրքերը Հայաստանում ու հետևաբար ողջ Կովկասում: Այս ամենից հետո Կրեմլը, ի աջակցություն իր «գործընկերոջը», ս.թ. ապրիլի 14-20-ը զորավարժություն է սկսում Խաղաղօվկիանոսյան իր նավատորմում` պատրաստությունը ստուգելու նպատակով: Պատրաստությունը ստուգում են, արձանագրում է, որ նավատորմը պատրաստ է «հետ մղել հակառակորդի հնարավոր գրոհները ծովի և օվկիանոսի կողմից», բայց սրա հետ մեկտեղ նույն օրը հեռացնում են նավատորմի հրամանատար Սերգեյ Ավագյանցին, ըստ երևույթի չափից դուրս պատրաստ լինելու համար:
Մարդ մի քիչ դավադրապաշտ լիներ, կմտածեր ռուսներն ինադու են բոլոր ուղղություններով պռավալ տալիս, որ չինացիքին «գծերից գցեն»: Ուրիշ ո՞նց կարելի է բացատրել այն փաստը, որ Սի Ձինպինը այցելում է Մոսկվա, խառը կենացներ ասում ու պահանջում, որ համատեղ հռչակագրի մեջ ավելացնեն միջուկային զենքի տարածման դեմ մի պարբերություն, իսկ բառացիորեն հաջորդ օրը Մոսկվան հայտարարում է, որ միջուկային զենք է տալու Բելոռուսին, ինչը բնական է դատապարտում է Չինաստանի ԱԳՆ-ն: Սրանից հետո ԵՄ-ում Չինաստանի դեսպան Ֆու Ցունը (այո, դա է իր անունը) հայտարարում է, որ Չինաստանը երբեք չի ընդունել Ղրիմի ու Դոնբասի բռնակցումը, չի սատարել ռազմական գործողությունը, և որ ռուս-չինական «անսահման ընկերության» մասին պնդումները զուտ հռետորական են:
Բնական է` Չինաստանն էլ մի բարի պտուղը չի: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ նրանք անհրաժեշտության դեպքում շատ լուրջ խնդիրներ չեն կարող ստեղծել ցանկացած իշխանության համար, առավել ևս բոլոր ուղղություններով պռավալ տվող իշխանությունների համար` անկախ նրանից միտումնավոր էր այդ պռավալը, թե` անկեղծ:
Այսինքն, եթե հանկարծ ստեղծվի իրավիճակ, երբ Ուկրաինան բարեհաջող հակագրոհի, ու տարածքներ վերադարձնի, Թուրքիայում Քըլըչդառողլուն ընտրվի, իսկ Կովկասում ամերիկացիք խաղաղություն կնքեն ու, սեփական խաղաղապահներին բերելով, տարածաշրջանը փակեն Չինաստանի համար, ապա Պեկինին այլ բան չի մնա, քան փորձել համապատասխան կենտրոններում ներքաղաքական տեղաշարժեր կազմակերպել, պայմանական՝ «զարթիր Լաո Ցզի» խորագրով: Իսկ Լաո Ցզին դա մեր Լաոն չի, մեր Լաոն էդ պապիկի կողը մի հատ շարքային Ֆու Ցունա: Զուտ հիշացնեմ բոլորիդ, որ Խոդորկովսկուն ունեզրկեցին, ու նստցրին այն բանի համար, որ նա, հակառակվելով արևմուտքի պահանջներին, դեպի Չինաստան նավթամուղ էր ուզում կառուցել:
Ամեն դեպքում մոտակա տաս օրը սարսափելի հետաքրքիր են լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02ABS7WM7oazuzws3u7vbSGQnN87afPAsy853DGk9a2qrsmY6PP1VvBfN11wLS6wpVl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել