1in.am-ը գրում է.
Հյուսիսային Կառոլինայի գիտնականները խորհուրդ են տալիս չհիմնվել կալորիաների հաշվարկների վրա, եթե ցանկանում եք նիհարել: Սննդամթերքների սննդային արժեքների մասին տվյալների մեծամասնությունը հնացած է և վերաբերում է 19-րդ դարին: Օրինակ, մեկ չափաբաժին նուշի մեջ ոչ թե նախկինում հաստատված 170, այլ 129 կալորիա կա: Սակայն ամենակարևորը սննդի պատրաստման եղանակն է, ինչպես նաև այն, թե ինչպես է սնունդը մարսում կոնկրետ մարդը: Դա կապված է աղիքային համակարգում բակտերիաների տիպի և քանակի հետ, որոնք էլ կալորիաներն արդյունավետ կամ ոչ արդյունավետ են կլանում:
Գիտնականները զգուշացնում են, որ պիտակի վրա նշված կալորիաները կարող են տարբերվել կալորիաների այն քանակից, որը մենք ստանում ենք տվյալ սնունդն ընդունելիս: Օրինակ, հում և բնական սննդամթերքները մարսելու համար ավելի շատ էներգիա է պահանջվում, հետևաբար, դրանք օգտագործելիս ավելի քիչ կալորիաներ ենք ստանում, իսկ ահա մշակված սննդամթերքներ ընդունելիս կարող ենք ավելի շատ կալորիաներ ստանալ, քան նշված է պիտակին: