Էրդողանի էս առողջական պատմության մեջ ինձ արդեն երրորդն օրն է մի փոքրիկ, տեխնիկական, բայց շատ կարևոր դետալ է անհանգստացնում: Դետալ, որը կարող է բազմաթիվ եզրահանգումների տեղիք տալ:
Խնդիրը նրանում է, որ աշխարհում իրականում գոյություն չունի «ուղիղ եթեր» հասկացություն: Աշխարհի ամենա արագ, ամենա-«ուղիղ» եթերները հեռարձակվում են առնվազն 7 վայրկյան ուշացումով: Իսկ առանձին դեպքերում «ուղիղ եթերները» հեռարձակվում են դիտորդների էկրաններին նույնիսկ րոպեների ուշացմամբ:
Հավաստի աղբյուրներից ինձ, օրինակ, հայտնի է, որ Սերժ Սարգսյանի ուղիղ եթեր հեռարձակվող հարցազրույցները մոտ մեկ րոպե ուշացումով էր հեռարձակվում, դա այն մեկ րոպեն էր, որի ընթացքում անհրաժեշտության դեպքում ռեժիսորը կարող է լրագրողի ականջակալին հաղորդեր, որ վերջինս գովազդային ընդմիջում հայտարարի, որի ընթացքում, օրինակ` հնարավոր կլիներ Սարգսյանի փոխկապն ուղղել:
Ոլորտի մասնագետները շատ լավ գիտեն, որ Էրդողանի հարցազրույցը չէր կարող առանց զգալի ուշացումների հեռարձակվեր: Դա պարզապես բացառվում է:
Այսինքն, տեսաուղերձի ռեժիսորը միջոցառման ընթացքում, որևէ խնդիր տեսնելով, ուներ բավական ժամանակ, որպեսզի հանգիստ ու հարթ անցնի գովազդի: Ինչը սակայն Էրդողանի հարցազրույցի ժամանակ տեղի չունեցավ: Ընդհակառակը, տեսնելով, որ Էրդողանը դժվարանում է, նկատելով լրագրողի ապշած դեմքը, լսելով «աստված իմ» արտահայտությունն ու ունենալով առնվազն մի քանի տասնյակ վայրկյան ժամանակ, ռեժիսորն անմիջապես չի ընդհատել հեռարձակումը, այլ արել է դա միայն, երբ ողջ աշխարհը տեսավ, որ Էրդողանը լավ չի...
Թուրքիայի նման պետությունում կարելի է բացառել նաև միտումնավոր սաբոտաժի վարկածը: Եթե հանկարծ ինչ-որ հրաշքով Էրդողանի չուզողները կարողանային հավաքագրել իր իսկ ռեժիսորին, ռեժիսյորն էլ իր հերթին աներևակայելի զգոնությամբ սպասեր շեֆի պլստալուն ու դա միտումնավոր եթեր տալուն, ապա էդ ռեժիսորն արագ կվերանար երկրի երեսից:
Այսինքն, վստահության բավականին մեծ պաշարով կարելի է ենթադրել, որ այս բեմականացումը հենց Էրդողանն էլ ծրագրել է: Մնում է հասկանալ նպատակը: Ըստ իս` կա երեք հնարավոր սցենար:
Առաջին տարբերակը զուտ քաղտեխնոլոգիական է՝ «Էրդողանը իր կյանքը և առողջությունը նվիրում է իր պետությանը»: Ենթադրվում է, որ սա պիտի խղճահարություն առաջացնի մարդկանց մոտ, սակայն իհարկե հնարավոր է նաև հակառակ էֆեկտը, երբ առաջնորդի թուլությունը վախ առաջացնի մարդկանց մոտ: Ամեն դեպքում, եթե սա էր Էրդողանի հաշվարկը, ապա սա ոչ թե հաշվարկ է, այլ ավանտյուրա: Էրդողանը գնալով ավելի ու ավելի էր հետ մնում իր հակառակորդից ու սա պարզապես կարող էր լինել իր «վա բանկ» քայլը:
Երկրորդ տարբերակը ընտրությունների հետաձգումն է: Քանի որ հաղթելու շանսերն օրեցօր նվազում են ընտրությունների հետաձգումը կարող էր ժամանակ շահել իշխող խմբակի համար, իսկ հետո` յա էշը, յա իշխատերը մարտավարությամբ կրկին կփորձեին:
Երրորդ ու ըստ իս ամենահավանական տարբերակն այն է, որ Էրդողանը նախապես արդարացում է նախապատրաստում իր պարտության համար: Արդարացում, որը կօգնի Թուրքիային խուսափել հետընտրական բախումներից: Այս քայլի դիմաց նա կարող էր արևմուտքից կորզել սեփական թմակիցների անվտանգության ու բարեկեցության երաշխիքները պարտությունից հետո: Թուրքիայի պատմության մեջ նա ամեն դեպքում իր բացառիկ տեղը կունենա, վերջում էլ կպարտվի` ոչ թե ընդդիմադիր թեքնածուին, այլ աստծուն, ով համարեց, որ իր ժամանակն եկել է:
Իրականում շատ դժվար է հասկանալ, թե այս երեք տարբերակներից որն է ամենաիրատեսականը, սակայն մեկ բան ակնհայտ է՝ Էրդողանը և բնականաբար իր դաշնակիցները շատ լուրջ պրոբլեմ ունեն: Նրանք դա հասկանում են ու ամեն գնով պիտի փորձեն տակից դուրս գալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02PQdbfSerW9mAm4SNGqdc73zXr7mBwZT44bgs64fWM4hGvrjppEFojYfo93R9JXLBl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել