Առաջին շոկից հետո ԵՄ-ն արդեն ուշքի է գալիս ... ու Հայաստանին «մատ թափ տալիս»` ասելով` «Դու ինձ էս կարգի քցես, դե քցելն հիմա կտեսնես». Հայաստանի անունն արդեն հանված է նախաստորագրող երկրների ցանկից, սկսում են մշուշոտ ակնարկներ պտտվել, որ այսկերպ շարունակվելու դեպքում Հայաստանն իսպառ դուրս կմնա եվրոպական գործընթացներից, իսկ այսօրվանից արդեն ԵՄ-ն կասեցնում է «Թվինինգ» ծրագիրը, որը, կարելի է ասել, առաջին պատժամիջոցն է պաշտոնական Երևանի նկատմամբ: Ու չնայած դեռ չհանդարտված իրարանցմանը` Հայաստանը շարունակում է իր սկսած դիվանագիտական շախմատային պարտիան: Նախ, պարտիայի հերթական, կարելի է ասել, բավական հաջող կոմբինացիան Աշոտյանի ելույթն էր ու ինքնապաշտպանական պատասխանները եվրոպացիների հարցերին` կապված Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հայտարարության հետ: Այստեղ ուշագրավ է այն, որ հայկական կողմը կարողացել է շատ սահուն կերպով առաջ տանել Աշոտյանի բառերով իսկ ասած` ««ավելի լավ է ինչ-որ մի բան, քան ոչինչ» բանաձևը` ի հակադրություն «ամեն ինչ քաղաքականության մեջ» բանաձևին»: Իր ելույթում Աշոտյանն ընդգծել է, որ «ամեն ինչ քաղաքականության մեջ», այն էլ՝ խոշոր քաղաքականության մեջ, բանաձևը չի աշխատում, կենսունակ չէ և կենսունակ չէ նաև մեր տարածաշրջանում և մեկնաբանել` «այս բանաձևը նշանակում է, որ մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում»: Նույն կոմբինացիայի հաջորդ խաղաքայլը Արտակ Զաքարյանի ելույթն էր, որտեղ ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի համար ընդունելի չէ աշխարհը երկու ճամբարների բաժանելը: Նա նշել է, որ Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը` փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաև, թե ինչպիսի ընտրություն ենք կատարել: Հայաստանի քաղաքական որոշման հետ կապված տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ Արտակ Զաքարյանը նախագահ Սարգսյանի որոշումը հիմնավորել է անվտանգության հիմնախնդիրներով, ընդգծել, որ Հայաստանը միշտ բաց է եղել բոլոր միջազգային հարթակներում, բայց համակողմանի և բազմաշերտ քաղաքականություն վարելով՝ «երբեք չի անտեսել սեփական ռազմավարական շահերը»: Նա նաև հայտարարել է, որ հետայսու ևս Հայաստանը փորձելու է բոլոր կողմերի հետ վարել հենց այսպիսի քաղաքականություն, որին ի հետևանս` ներկայացված որոշումը պետք է ընդունվի հարգանքով նաև եվրոպական մեր գործընկերների կողմից:
Երկու բանախոսներն էլ ընդգծել են, որ սա այն ընտրությունն է, որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Անդրադառնալով հնչեցված արտաքին շանտաժի կամ արտաքին ճնշումների հարցին` բանախոսները ասել են, որ այս որոշման տակ որևէ աշխարհաքաղաքական անդրկուլիսյան ճնշումներ փնտրելը ապարդյուն է, և որևէ միջամտության և ճնշումների մասին խոսք լինել չի կարող: Արտակ Զաքարյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային տարածքում վատ իրավիճակում գտնվող, փակ սահմաններ ու հակամարտության խնդիր ունեցող պետությունների կենսական շահերը պետք է ոչ միայն հաշվի առնվեն եվրոպացի գործընկերների կողմից, այլև դրանք դիտարկվեն այդ տեսանկյունից և ոչ թե արժանանան էմոցիոնալ գնահատականների և Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը չի փակում Հայաստան-ԵՄ համագործակցություն ճանապարհը, ինչն ընդգծել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին նախկինում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության և Հայաստանում իրականացված բազմաթիվ լայնածավալ բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար և պատրաստակամություն հայտնել նոր բարեփոխումների շրջանակներում եվրոպացի գործընկերների հետ շարունակական աշխատանք տանել՝ տարբեր ձևաչափերով: Հայկական կողմը նաև հաստատակամություն է հայտնել, որ Հայաստանի քաղաքական օրակարգում կմնան քաղաքական բարեփոխումների առաջնահերթությունները` ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների զարգացման և այլ ուղղություններով:
Հետաքրքրական է, որ շատ մասնագետների կողմից կտրուկ որակված այս քայլը ըստ էության բնական ու տրամաբանական էր, հատկապես, որ արդեն Քիշնևում, որտեղ տեղի ունեցավ ԵԺԿ գագաթաժողովը, ՀՀ նախագահը իր ելույթներից մեկում շեշտել էր, որ Հայաստանին չի կարելի պարտադրել «կամ, կամ»-ի բանաձև, որովհետև այն հաշվի չի առնում շատ ավելի բարդ գործոններ, ինչպիսին է մեր անվտանգությունը՝ ռազմական անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը:
Ըստ էության, առաջին ագամ ՀՀ իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ արտաքին քաղաքականության հարցում այլևս առաջնորդողը ազգային շահերն են և ոչ թե այս կամ այն գաղափարները կամ կոնյուկտուրաները: Հայաստանը պարզորոշ կերպով հասկացրել է, որ ԵՄ-ն ուզի կամ ոչ հաշտվելու է ստեղծված իրականության հետ և շարունակելու է Հայաստանի հետ աշխատել «և ... և»-ի ձևափաչով: 
Սրան զուգահեռ հետաքրքական երկրորդ կոմբինացիան խաղարկվեց Երևանում ի դեմս Մաքսային միությունից դժգոհ երիտասարդների հավաքի, որոնք երեկ նույնիսկ բավական անպարկեշտ արտահայտությունների վանկարկումով դիմավորեցին ՀՀ նախագահին: Այստեղ արդեն նախագահ Սարգսյանի կողմից շարունակվում է առաջ տարվել «ժողովրդավար Հայաստան» ներկայացումը, որը հիմնականում և՛ եվրոպական, և՛ ռուսական լսարանի համար է նախատեսված. եվրոպականի համար այն միտումով, որ հասարակության մեջ պահանջ կա եվրոպական գործընթացների շարունակման և ընտրությունը զուտ միայն անվտանգության նկատառումներն են, ու ի՞նչ իմանաս, գուցե նաև «անդրկուլիսային դիվանագիտական» քայլերը (թեև առ աչոք ասվում է, որ նման բան չկա), իսկ ռուսական կողմի համար ղեկավարության հավատարմության հերթական ցուցադրությունը ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի նկատմամբ թեկուզև և ներքին բարդությունների, որոնք, ի՞նչ խոսք, բարձրացնում են հայկական կողմի վրա ռուսների ծախսելիք գումարների չափը: Իսկ այս մասով արդեն առաջին արձագանքները կան հանձինս ռուսական երկաթուղային ընկերության, ով պատրաստվում է վիթխարի ներդրումներ կատարել Հայաստանի երկաթուղիների մեջ: Այնպես որ, շախմատային դիվանագիտությունը դեռ շարունակվում է և շարունակվում է բավական հետաքրքական զարգացումներ խոստանալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել