Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին առաջարկել է մոտ օրերս երկրորդ հանդիպումն անցկացնել այս անգամ արդեն Բաքվում:

Թե ինչ է նշանակում Բաքվի այս սադրիչ առաջարկ-հրավերը, պարզից էլ պարզ է դառնում, երբ նկատի են առնվում նախորդ նմանատիպ փորձի հետևանքները: Օրինակ՝ բացելով որոշ փակագծեր՝ Արցախի նախագահը բացահայտել էր, թե որն էր եղել նախորդ «երկխոսության» բուն թեման, որին, փասորեն, հաջորդեց մարտի 5-ի տեռորը: Հարությունյանը հայտնել էր, որ Բաքուն իրենց ուլտիմատում է ներկայացրել, որ կա՛մ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին լուծում չի տրվելու, ավելին՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր՝ միաժամանակ ընդգծելով, որ Արցախը մտադիր չէ հրաժարվել անկախության իր երազանքից, բայց եթե կան ադրբեջանանպաստ տրամադրություններ հանրության մեջ, ապա արցախիները հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ իշխանությունների ընտրած ճանապարհը սխալ է՝ նաև ունենալով հնարավորություն երկրում ձևավորելու նոր իշխանություն: Ասել կուզի՝ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի հետ երկխոսությանը հաղորդել էր ներքաղաքական ենթատեքստ՝ հասկացնելով, որ դեմ չի լինի, եթե իրեն փոխարինեն Բաքվի հետ երկխոսելու ընդունակ մեկ ուրիշով, օրինակ՝ Սյամոյով…

Հարց՝ ի՞նչ կլինի, եթե Արցախի ներկայացուցիչները մերժեն Ալիևի հրավերը, որի նպատակը, փաստորեն, աշխարհի աչքում Բաքվի դեմքը փրկելն ու մեղքը «անբարշմազ» արցախցիների վրա գցելն է. իբր «բարի» Բաքուն ուզում է երջանկացնել արցախահայեին, բայց ահա սրանք, լինելով խռովարար ժողովուրդ, օդում են թողնում «մարդասեր» Իլհամի ձեռքը՝ տալով Բաքվին ազատորեն ինքնադրսևորվելու իրավունք: Իսկ եթե Արցախի պատվիրակությունն ընդունում է Բաքվի հրավերը, ապա պարզ է, որ դա կլինի քայլ՝ ուղղված սեփական սուբյեկտայնության դեմ. եթե գնան, ուրեմն Բաքվին «այո» են ասում ու ընդունում ադրբեջանական կողմի բոլոր նախապայմանները՝ դառնալու թալիշ կամ լեզգի: Ասել կուզի՝ Ալիևը հաղթող է դուրս գալու բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե ինչպես կպատասխանեն արցախցիները:

Մնում է հասկանալ՝ որն է լինելու Արայիկ Հարությունյանի ճակատագիրը և ինչ դեմք է ունենալու այն հայը, որը կհամաձայնվի Արցախի ադրբեջանացման պլանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել