Հնարավոր չէ կուտը ուտել այստեղ, ձուն ածել եվրոպաներում…
Եվրոպական մամուլը գրում է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը զարմացրել է եվրոպացի պաշտոնյաներին… Այո՛, կզարմացնի եվրոմիության բյուրոկրատացված, դոգմատիկ մտածողությամբ պաշտոնյաներին: Իհարկե՛:
Իսկ ինձ զարմացնում է, խիստ է զարմացնում նրանց «կամ-կամը»… Ի՞նչ է նշանակում դա... Մի՞թե կարելի է նույն սխեմատիկ մտածողությամբ, նույն կշեռքի նժարին դնել Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը:
Պարոնայք եվրոպաշտոնյաները պետք է, ելնելով այդ երկրների առանձնահատկություններից, աշխարհագրական դիրքից, նրանց առջև ծառացած տնտեսական, տարածքային, ինտեգրացիոն, ռազմաքաղաքական և այլ խնդիրներից, գոնե փոքրիշատե մանևրելու տեղ թողնեն` հատկապես Հայաստանին…
Ի՞նչ է, դուք չգիտեի՞ք Մոսկվայի հնարավոր կոշտ դիվանագիտական արձագանքի մասին, թե՞ նոր իմացաք... Դուք ռոբոտ, համակարգիչ չեք, դուք մարդ եք, իսկ մարդը ունակ է մտածել, կշռադատել, հաշվի առնել մարդկային գործոնները, մարդկային ամեն ինչ, ինչ հնարավոր է…
Շատերն ասում են, որ Եվրոպան հստակ ասել և ասում է` Հայաստանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռների… Պարոնա’յք եվրոպացիներ, իրավիճակ կա` դուք եք նստեցնում, եթե պետք է ձեզ… Նստում են երկու աթոռի, մի կերպ խցկվում են նստածների արանքը, կողքինի ծնկներին և նույնիսկ ինչ-որ մեկի գրկին…
Այո’՛, մենք, գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, չենք կարող մեկուսանալ համապատասխան աշխարհա-տնտեսական տարածքից: Նման բան չի լինում, հնարավոր չէ կուտը ուտել այստեղ, ձուն ածել եվրոպաներում… Այդ նույն Եվրոպան թող այդ դեպքում մեզ անվտանգության փոքրիշատե իրական երաշխիքներ տա…
ՀՀ նախագահի քայլը տվյալ պահին իրատեսական էր, և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում: Սրանով ամեն ինչ ասված է...
Զգացմունքային քննարկումներից հետո ժամանակն է լրջանալ, առավել ևս որ հիմա համաձայնագրի նախաստորագրումն է, և դեռևս բանակցային գործընթացում ենք: Կարելի է նստել և քննարկել, ու այդ դոգմատիկ, ռոբոտային «կամ-կամ կամակորությունը» փոխարինել համաձայնագրերի հնարավորինս համատեղելիությամբ և փոխզիջումներով…



